«Ընտրական գործընթացն, անկասկած, բարելավվելու է, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, մեծ փոփոխություններ կատարվեցին, ընտրակեղծիքներից պաշտպանվելու մեխանիզմներ ստեղծվեցին»,-վստահ է ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա «Անդրադարձ» մամուլի ակումբում մայիսի 24-ին կարծիք հայտնեց, որ լավ ընտրություններ անցկացնելու համար նաեւ հասարակական կամք է պետք. «Հասարակությունն է ընտրություն կատարում, ոչ թե կուսակցությունը եւ իշխանությունը: Վստահ եմ, որ մոտակա ընտրությունները լինելու են ավելի արդար եւ հանգիստ: Եթե տարիներով համեմատենք, ընտրական գործընթացում զարգացումն ու աճն ակնհայտ են»:
Հիշեցնենք, որ վաղն ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա ԸՕ նախագծի երրորդ ընթերցումը: Մայիսի 17-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել էր նախագիծը:
Դիտարկմանը, թե Հրազդանի ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու ցուցակները նախապես պատրաստ են եղել, Բաբուխանյանը հակադարձեց. «Հասարակությունն ինքը պետք է կարողանա պատրաստ լինել ավելի լավ եւ մաքուր ընտրություններին: Հրազդանի ընտրությունների հետ կապված` կարծես թե ոչ ոք չբողոքեց, բոլորն իրար շնորհավորեցին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 9 հաղորդում:
Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ նաեւ նորաստեղծ կուսակցություններին` ասելով. «Քաղաքական դաշտում ավելի շատ գործում է անձը, քան թե գաղափարախոսությունը: Տեղյակ չեմ նորաստեղծ կուսակցությունների գաղափարախոսությունից, որովհետեւ այն մանրամասն կարծես չի ներկայացվել»:
Բաբուխանյանը չհստակեցրեց՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում իր անունը լինելո՞ւ է ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ