ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:
Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման ողջ ընթացքը՝ սկսած խոհանոցային պարագաների ձեռքբերումից մինչև կերակրացանկի հաստատում, սննդի պատրաստում և մատուցում: Մասիսի թիվ 2 դպրոցում կազմակերպվում է տաք սնունդ, որից օգտվում է 390 աշակերտ: Ընդգծելով, որ ծրագրի իրագործումը կառավարության կողմից դիտվում է նպատակային՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին: Կարևոր նախապայման են համարվում խոհանոցի առկայությունը և սանիտարական նորմերի պահպանումը: Նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. “Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը”,- նշել է Լ. Մրտչյանը: Նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես ծրագրի իրագործումն ավելի դյուրին է մեծ դպրոցներում, որտեղ կան խոհանոց և համապատասխան այլ պայմաններ, մինչդեռ փոքր դպրոցներում խոհանոցներ ստեղծելու համար տարածքներ չկան:
Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի համար որպես դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որն աջակցություն է ցուցաբերում խոհանոցների ձևավորման հարցում: “Համոզված եմ, որ ծրագիրը պետք է շարունակել և հասնել նրան, որ ողջ հանրապետության դպրոցներն ընդգրկվեն և նույնիսկ ավելի բարձր դասարաններն էլ ներառվեն: Մեր երկրի սոցիալական վիճակի պայմաններում սա կարևոր խնդիր է, առավել ևս, որ հասարակությունը հիմնականում գոհ է ծրագրից: Բացի սննդից, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն. ծրագիրը երեխաների մոտ ձևավորում է կարգապահություն, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթ: Ես ուշադրություն դարձրեցի, որ բոլոր երեխաներն իրենց ափսեները հավաքում են, այսինքն` սա նաև դաստիրակություն է”,-իր խոսքում նշել է Լ. Մկրտչյանը: Պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: Ծնողական համայնքը սեփական նախաձեռնությամբ շատ դպրոցներում ցուցաբերում է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող սնունդը ավելի բազմազան և հարուստ լինի:
Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը ևս շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ:
Մասիսի թիվ 2 դպրոցում նախարարը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել՝ որքանով են գոհ սննդի համից ու տեսակներից, ինչպես նաև համտեսել երեխաների օրապահիկից:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն Հայաստանում “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ 2010 թվականից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար արժողությամբ խոհանոցային կահույք և սարքավորումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն