«Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատելաոճն ունի, ես` իմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը` նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի աշխատանքի մասին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելի լավ աշխատանք անել, քան ՀՀԿ-ականը: Գաբրիել Գյոզալյանը պատասխանեց. «Այստեղ դաշնակցականը կապ չունի, ընդհանրապես մարդու տեսակը կապ ունի, ինչ տեսակ է աշխատում: Այդ մոտեցմանը դեմ եմ, թիմ հասկացողություն մոտեցում չեմ ունեցել և չունեմ: Եթե մոտեցումը լինում է հավասարաչափ բոլորի նկատմամբ, բոլորին մի աչքով ես նայում, հարգանքը բոլորի կողմից լինում է, եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի»:
Մարզի բոլոր խնդիրները, ասաց, որ իր ուշադրության ներքո են. «Հիմնականում ասեմ` ընդհանուր մարզից մոտ 100-ի կարգի երեխաներ արտագաղթել են շատ կարճ ժամանակում: Տնօրեններին հրավիրել ու հանձնարարականներ եմ տվել: Ասել եմ` նախկինում, թե ի՞նչ է եղել, ինչ չի եղել, տրվել է հանձնարարական, բացթողումները շտկելու համար»,- շեշտեց մարզպետը:
Այդքան կարճ ժամանակում նման թվով աշակերտների կրճատումը, Գաբրիել Գյոզալյանն էլ համամիտ է, զուտ կրթության հետ կապ ունեցող խնդիր չէ, սոցիալական է, ընտանիքներ են արտագաղթել: Ու այդպես էլ հասկանալի չդարձավ, թե տնօրեններն ինչպե՞ս պիտի շտկեն այդ բացթողումը:
Կարդացեք նաև
Մարզպետն ասաց, որ մարզում այս տարի ծիրան կլինի. «Մասնակի է ցրտահարություն եղել` 20-30 տոկոսով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ