Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղին կազմկոմիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկությունների փաթեթ են նախապատրաստում: Այս մասին մայիսի 24-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Պարզվեց, որ 4-րդ օրը ադրբեջանական կողմը խնդրեց, որպեսզի հրադադարը նորից հաստատվի: Ի՞նչ արեց հայկական կողմը, ինչո՞ւ չասաց՝ գիտեք՝ ինչ 800 հա տարել եք, հիմա նորից վերադարձեք ձեր հին դիրքերին, նոր այն ժամանակ մենք հրադադարը կհաստատենք»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաեւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, նա նշեց, որ պետք է նկատել, որ հայկական բանակը եւ հայ ժողովուրդը հաղթել են. «Այդ հաղթանակի արդյունքում է, որ մենք կարողանում ենք հիմա պարզ ճակատ խոսել: Իհարկե՛, շատ ծանր է, որ հաղթել ենք այդքան կորուստների հաշվին, ծանր է, որ այո՛, մենք 8 կմ2 տարածք կորցրել ենք: Բայց մենք դա չպետք է դարձնենք որոշակի մատի փաթաթան, մենք պետք է հասկանանք, որ մեր բանակը հերթական անգամ հասել է հաղթանակի, մեր ժողովրդի աջակցությամբ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ