Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շահագրգռված էր եղել, որպեսզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում վերընտրվեր Արամ Դանիելյանը: Այդ մասին Կարապետ Գուլոյանը հայտարարեց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Կարապետ Գուլոյանը բացատրություն էլ ունի. «Որովհետեւ Արամ Դանիելյանն իմ ընկերն է»:
Կարապետ Գուլոյանը չի հասկանում, թե ինչո՞ւ ինքը պիտի չեզոք մնար, քանի որ Արամ Դանիելյանին առաջարկել էր ՀՀԿ-ն, ինքն էլ մարզպետ է. «Ես, որպես մարզպետ, գտել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին: Ես ուզել եմ, որ ինքը լինի քաղաքապետ, որովհետեւ իմ ընկերն ա, երկրորդը, իշխանության թեկնածուն է: Ես էլ Կոտայքի մարզպետն եմ, պաշտպանել եմ իրան, թեման փակեցինք»:
Կարապետ Գուլոյանն, իհարկե, չի հերքում, որ Արամ Դանիելյանի աշխատանքում թերություններ եղել են: Ասում է`զրուցել է հետը, ասել է, որ դրանք պետք է շտկվեն:
Լրագրողներից մեկի հարցին`Հրազդանում Արցախ ուղարկելու համար նախատեսված գումարներն ընտրակաշառք են բաժանվել, մարզպետն ասաց. «Նախ, մեր մոտ ընտրակաշառք չի եղել, երկրորդն էլ՝ նման բան ո՞վ կարող է անել… ո՞վ կարող ա Արցախի մեկ լուման ուտել: Ես մի հատ ուզում եմ հասկանամ, դա բարոյական մարդու արա՞րք ա, հայ կոչվելու իրավունք ունի՞ էդ մարդը»:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը`քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակին հատկացվող գումարները նպատակային չեն ծախսվել, փաստորեն, Արցախին ուղղված լուման ուտողներ են եղել, մարզպետը պատասխանեց. «Դե յուրացնողն ուրեմն պետք ա ազգի դեմ պատասխան տա: Հետո, ես էդ մարդը չեմ էլի, եթե դուք տեսնեք, թե ես անձնական էնքան բան եմ արել, ուղղակի չեմ սիրում խոսամ»:
Այլ մանրամասներ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ