Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դժվար իրավիճակում հայտնված երեխային միանգամից չեն ուղարկի մանկատուն

Մայիս 24,2016 16:43

Մեր երկրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան միանգամից հայտնվում է գիշերօթիկ հաստատությունում կամ մանկատանը, քանի որ Ընտանեկան օրենսգրքով, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով հստակ սահմանված չեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի՝ այլընտրանքային խնամքի ուղղորդման առաջնահերթությունները:

Քաղաքակիրթ աշխարհում, նախքան երեխային շուրջօրյա խնամքի հաստատություն ուղեգրելը, քննարկվում է նրա խնամքը այլընտրանքային խնամքի, առաջին հերթին՝ ընտանիքահեն խնամքի միջոցով կազմակերպելու հնարավորությունը, այդ թվում՝ տեղավորում խնամատար ընտանիքում, աջակցողական ծառայությունների տրամադրում երեխայի խնամքի կամ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում եւ այլն, եւ միայն դրանց անհնարինության դեպքում, որպես խնամքի կազմակերպման տարբերակ դիտարկվում է շուրջօրյա խնամք իրականացնող հաստատության որեւէ տիպում երեխայի տեղավորումը:

«Նման իրավիճակը չի բխում երեխայի լավագույն շահերից եւ չի համապատասխանում երեխայի իրավունքների պաշտպանության մասին միջազգային իրավական փաստաթղթերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կողմից Երեխաների այլընտրանքային խնամքի 2009թ.ընդունած ուղեցույցին»,- կառավարության մայիսի 26-ի նիստին վարչապետին կհայտնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը եւ չափորոշիչները, համաձայն որի, նման իրավիճակում հայտնված երեխան նախեւառաջ պետք է վերադարձվի կենսաբանական ընտանիք, եթե դա հնարավոր չէ, նոր միայն դիտարկվեն խնամքի այլ տարբերակները:

«Նշված համաձայնագրով նման կարգի ընդունումն ու կիրառումը դիտարկվում է որպես բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող միջոց, իսկ այդ հաստատություններում երեխաների տեղավորումը` որպես վերջին կամ ծայրահեղ միջոց, ինչպես նշված է ՄԱԿ-ի 2009թ. Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցում»,-նկատում է պարոն Ասատրյանը:

Կառավարության նիստի օրակարգ ներկայացրած փաստաթղթում նախագծի ընդունման դեպքում, ըստ պարոն Ասատրյանի, կիրականացվեն համակողմանի եւ շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031