Մայիսի 24-ին Մատենադարանում լրագրողներից մեկը անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր առաջին գրքից արված ու այլ համատեքստում շրջանառվող այն մեջբերմանը, թե իբր Ադրբեջանը իրավական հիմքեր ունի Արցախի հանդեպ:
«Բացարձակապես սուտ է…Այդ գլուխը իմ գրքի առաջին հատորում է: Ես ներկայացրել եմ առճակատման հիմքերը, բացատրել եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ սահմանային վեճերի հիմքերը, վրացիների եւ ադրբեջանցիների նկրտումներն ու պնդումները, նաեւ հայկական կողմի տեսակետը եւ այն, որ Արցախի ժողովուրդը չպետք է ենթարկվի ադրբեջանական իշխանություններին»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նա չարամիտ որակեց այն մարդկանց, որոնք համատեքստից կտրված շահարկում են իր գրքի մեկ ու կես նախադասությունը:
«Իբրեւ պատմաբան՝ ես պարտավոր եմ ցույց տալու, եթե վեճ կա,ապա ինչպիսին են այդ վեճի հիմքերը: Եվ այն մարդիկ, որոնք կըսեն, որ ես Ադրբեջանի կողմը բռնած եմ, բացարձակապես սուտ է… Ես լայնամիտ եմ, թույլ կտամ, որ արտահայտեն իրենց տեսակետները: Այն մարդիկ, որոնք այս թեմայով կշարունակեն, ունին ուրիշ նպատակներ, չեմ կարող ասել՝ անձնակա՞ն նպատակ է, թե ի՞նչ նպատակ է, գուցե ոմանք իմ ազգանունս չեն հավանում, բայց դուք բացարձակապես մի հավատաք, թե ինչ կասեն»,-ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ