«Շուրջ 7000 քաղծառայության պաշտոններ թափուր հաստիքներ են: Հնարավոր կրճատումների դեպքում, կարծում եմ, առաջին հերթին պիտի ձգտեն կրճատել այդ թափուր հաստիքները, որովհետեւ սոցիալական խնդիր կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի մասին՝ ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նա ասաց, որ սպասում է կառավարության առաջարկին. «Պետական մարմինները պետք է ասեն, որից հետո պարզ կլինի: Բայց որ կա օպտիմալացնելու տեղ՝ համամիտ եմ»:
Կոնկրետ ո՞ր ոլորտներում է տեսնում օպտիմալացման տեղ՝ Մանվել Բադալյանը դժվարացավ պատասխանել. «Ես վարչապետին առաջարկել եմ հաշվի առնել թափուր աշխատատեղերը: Երբ որ մեզ տեսանելի կլինի, որ առաջարկում են տեղեր կրճատման համար, բայց դա ամենաճիշտ տեղը չի, այդ ժամանակ մենք նոր առաջարկություն կանենք»:
Ըստ Մանվել Բադալյանի, եթե կան թափուր հաստիքներ եւ բավականին երկար ժամանակ այդ թափուր պաշտոնները չեն համալրվում, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա. «Միայն 2015-ին կազմակերպված 908 մրցույթի արդյունքում 135-ում հաղթող չի եղել: Մենք խոսում ենք գործազրկության մասին, բայց որակը միշտ չէ, որ բավարարում է: Անորակ պետական ծառայողներ մենք պիտի ձգտենք չունենանք: Մարդկանց սոցիալական խնդիրը չպիտի պետական ծառայության հաշվին լուծենք: Սա իմ անձնական կարծիքն է»:
Կարդացեք նաև
Մանվել Բադալյանի խոսքերով՝ գործող քաղծառայողները նույնպես «մաղվում» են, քանի որ ատեստավորում են անցնում ու հարյուրավոր մարդիկ ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոններից:
Մանվել Բադալյանն ասաց, որ իրեն մտահոգում է ոչ թե քաղծառայողների քանակը, այլ այն, որ որակյալ աշխատողը այսպես ասած գլուխ պահողի հետ նույն աշխատավարձն է ստանում. «Երբ որեւէ ստորաբաժանման ներսում կան մարդիկ, ովքեր ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում, այստեղ առաջ է գալիս բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն: Երբ բարեխիղճ մարդն ամբողջովին տքնում է եւ կողքինը չի անում, ինձ մտահոգում է այդ երեւույթը: Հավասարապես վճարվում է անորակ աշխատանք կատարողի հետ՝ մի քիչ ավելի մտահոգիչ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ