Այն դիմորդները, որոնց մոտ ընդունելության քննությունների ժամանակ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ կամ ծածկագրեր, առանց որևէ զգուշացման կհեռացվեն քննական կենտրոնից և այս տարի այլևս հնարավորություն չեն ունենա մասնակցելու մյուս քննություններին:
Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
«Նրանց նկատմամբ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու: Այնպես որ, խնդրում եմ երեխաներին իրենց հետ հեռախոսներ չբերել քննասենյակ: Մենք դեպքեր ենք ունեցել, որ երեք հեռախոս են բերել կամ եկել են քննության տարբեր ինքնաշեն սարքերով: Նախորդ տարի, օրինակ, 5 դիմորդ հեռացվել է քննասենյակից և քննություններին այլևս չի մասնակցել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ որոշ փոփոխություններ են կատարվել բնագիտամաթեմատիկական առարկաների քննական թեստերում. «Բողոքներ ենք ստանում, որ թեստերի պարագայում շատ առարկաներից դիմորդներն ուղղակի անգիր են անում պատասխանները, փոխանակ սովորեն՝ ինչպես լուծել խնդիրը: Դրա համար այս տարի բնագիտամաթեմատիկական առարկաների առաջադրանքներում փոփոխություն է մտցվել: Ճիշտ է, շտեմարաններից են վերցվել առաջադրանքները, սակայն դրանց մեջ թվային տվյալները կարող են փոփոխված լինել: Օրինակ՝ շտեմարանում գրված է, որ եռանկյան հիմքը 10 սմ է, բարձրությունը՝ 20 սմ: Խնդիրը կլինի նույնը, բայց թվային արժեքները փոխված կլինեն, որպեսզի երեխան ոչ թե պատասխանը հիշի կամ ծածկագրից օգտվի, այլ տեղում հաշվարկներ կատարի, ստանա նոր պատասխան»,- մանրամասնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ