Մայիսի 24-ին Մատենադարանում կայացավ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ « Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» «Հայաստանի Հանրապետություն» շարքի 3-րդ եւ 4-րդ հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսը: Դահլիճը լեփլեցուն էր, ներկա էին քաղաքական, հասարակական մշակութային դաշտի ներկայացուցիչներ, գիտնականներ:
Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 1959 թ., այդ ժամանակ, իր ձեւակերպմամբ ուժեղ էին Ստալինյան հովերը, ու մարդիկ վախենում էին իր հետ հանդիպել: Նաեւ հիշեց, որ այն տարիներին էլ հայկական ընտանիքների պատերին սեւ շրջանակների մեջ դրված զոհված տղամարդկանց լուսանկարներ կային, ինչը հիմա էլ ենք տեսնում:
Ռիչարդ Հովհաննիսյանը փաստեց, որ խորհրդային պատմագրությունը բացասական կեցվածք ուներ Հայաստանի Առաջին հանրապետության պատմության հանդեպ, ու ինքը նպատակ էր դրել «հայկական դրոշակը մտցնել հանրագիտարան»: Ավելին, Հայաստանի գիտությունների ակադեմիան նույնիսկ համարձակություն ունեցավ Ռիչարդ Հովհաննիսյանին դարձնել ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Կարդացեք նաև
«Այսօր էլ կգտնվեն տգետ մարդիկ, որ կուզենան խայթել, բայց մեր մորթը պետք է որ շատ ամուր լինի»,-ժպտալով ասաց անվանի պատմաբանը: Նա հավելեց, որ մտածում էր, թե իր երեք տարիների աշխատանքը, անգլիական, ֆրանսիական, թուրքական եւ այլ արխիվներում պրպտումների արդյունքը պետք է դոկտորական թեզ դառնա, մինչդեռ այն նախապատմություն է դարձել:
Խոսելով Առաջին Հանրապետության մասին, Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց, որ այն անթերի չէր, բայց բավականին համարձակ էր ու դեմոկրատ, որովհետեւ Հայաստանում 1919-ին կանայք քվեարկելու իրավունք ունեին, մի բան, որ Ֆրանսիայում 40-ականներից իրականություն դարձավ:
Խոսելով իր գրքերի մասին, Ռիչարդ Հովհաննիսյանն ասաց, որ գիտի թե ինչքան քիչ են այսօր կարդացողները եւ ավելի քիչ՝ դասեր առնողները, եւ եթե կարդան, ապա կտեսնեն, թե ի՜նչ մարտահրավերներ կային, ու ի՜նչ պատասխաններ տրվեցին:
Նրա ձեւակերպմամբ, Առաջին հանրապետության ստեղծողները ավելի շրջահայաց ու խորամիտ էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ