Ալիեւի հերթական հայտարարությունը այս անգամ ՄԱԿ-ից՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, հիմնականում վերաբերում է ատոմային էներգետիկայի բնագավառին: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա նշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տասնյակ տարիներ պայքարում են նրա համար, որ Հայաստանը չունենա ատոմակայան եւ տարբեր միջազգային ատյաններում բարձրացնում են այդ հարցը. «Բայց մեզ մոտ հստակ են այդ դիրքորոշումները եւ միջազգային այդ կառույցի հետ պայմանավորվածությունները: Հիշում ենք, որ հանրապետության նախագահը հունվարին այցելեց նաեւ ատոմակայան, մենք խնդիր ունենք եւ արդեն Ռուսաստանի Դաշնության մասնագետների հետ աշխատում ենք, որպեսզի մենք երկարացնենք մեր երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետը եւս 10 տարով, մոտավորապես՝ մինչեւ 2026 թվականը:
Պետք չէ նաեւ մոռանալ, որ մենք ունենք ընդունված որոշում, Ազգային ժողովով անցած համաձայնագիր, որ մոտ ապագայում եթե ունենանք ֆինանսական հնարավորություններ, այդ ուղղությամբ պետք է բանակցություններ սկսվեն Ռուսաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք սկսել երրորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները»:
Անդրադառնալով Հայաստանի՝ հակազդեցության միջոցներին, Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ որեւիցե մեկը չի կարող արգելել որեւէ պետության ղեկավարի հայտարարություն անել: Ըստ նրա, պետությունը եւ կառավարությունը իրենց գործն անում են. «Ինչքան ուզում է ինքը ՄԱԿ-ում ինչ-որ բաներ հայտարարի, մենք հստակ ծրագիր ունենք, ըստ այդ ծրագրի աշխատում ենք, համագործակցությունը կա: Այդ ծրագրերը համաձայնեցված են համապատասխան միջազգային կառույցների հետ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ