Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջհանգիր աղան մերժել է Անդրանիկ զորավարի` երկրից հեռանալու առաջարկը». Զեմֆիրա Խատիեւա

Մայիս 24,2016 15:46

Մայիսյան հերոսամարտերում իր ուրույն ներդրումն է ունեցել նաեւ եզդի ազգի հրամանատար Ջհանգիր աղան (լուսանկարում), որը ղեկավարել է 1500 հոգանոց հեծելազոր: Մասնավորապես Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է մոտ 500 եզդի մարտիկ, իսկ Բաշ-Ապարանի մարտերում հայ զինվորների կողքին թուրքերի դեմ կռվում էին ավելի քան 500 եզդիներ՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Jhangir axa

Ջհանգիր աղա

Ջհանգիր աղան կարևոր առաքելություն էր ստանձնել ռազմաճակատում և թիկունքում՝ համախմբելով եւ առաջնորդելով հայ և եզդի ֆիդայիներին:

Սարդարապատի հերոս Ջհանգիր աղայի թոռնուհի Զեմֆիրա Խատիեւան այսօր` մայիսի 24-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Ջհանգիր աղայի կյանքի եւ գործունեության մասին որոշ մանրամասներ ներկայացրեց. «1909 թվականին պապս հանդիպում է Անդրանիկ զորավարի հետ: Վերջինիս դուր է գալիս երիտասարդ եւ ուժեղ Ջհանգիր աղան: Իմանալով, որ Ջհանգիր աղան նշանված է, Անդրանիկը պատրաստակամություն է հայտնում լինել նրա հարսանիքի քավորը: 1919թ. Անդրանիկը Էջմիածնի եկեղեցի է հրավիրում Ջհանգիր աղային: Նրանք երկար զրուցում են եկեղեցու բակում: Թե կոնկրետ ինչ էին խոսում, հայտնի չէ, բայց Ջհանգիր աղայի զինակցի պատմելով` Անդրանիկը պապիս հրավիրել է իրար հետ գնալ արտասահման: Ջհանգիր աղան հրաժարվել է` մտածելով, որ մի ամբողջ ժողովրդի Արեւմտյան Հայաստանից բերել էր Հայաստան, հիմա ինչպե՞ս լքի նրանց… Անդրանիկը Ջհանգիր աղային նվիրում է սպարապետին վայել հագուստ, եւ նրանք տխուր բաժանվում են իրարից: 1920թ. Նյու-Յորքից ուղարկված նամակում Անդրանիկը խնդրում է ջերմ բարեւներ փոխանցել աղային: Նրանք նամակագրական կապի մեջ էին: Հպարտ եմ, որ հայրենասերի զորավարի թոռն եմ: Նա ողջ կյանքը նվիրեց Հայաստանին»:

Զեմֆիրա Խատիեւա

Զեմֆիրա Խատիեւա եւ Ամո Շարոյան

Տիկին Խատիեւան նաեւ նշեց, որ եզդի հրամանատարը թուրքերին ահ ու սարսափ է ներշնչել. «Նա գիտեր թուրքերի թույլ տեղը, գիտեր, որ նրանք վախենում են գիշերով կռվելուց, եւ գիշերն էր հարձակվում նրանց վրա: Թուրքերը փախչում էին նրան տեսնելուց»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս` «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը փաստեց, որ Ջհանգիր աղան ստացել է «հայ ժողովրդի անկեղծ դաշնակցի» կոչում, սիրվել եւ հարգվել:

«Հայաստանաբնակ եզդիները շուտով միանալու են մայիսյան հերոսամարտերի տոնակատարություններին: ՀՀ Առաջին հանրապետության ստեղծումը խանդավառությամբ ընդունեցին նաեւ եզդիները եւ լծվեցին պետականության կառուցմանը: Այսօր մեր պետականությունը պարտավոր ենք պահպանել աչքի լույսի պես, մեր անկախությունն անքննելի է: Մենք պարտավոր ենք ապրել եւ արարել այս հողի վրա: Եզդիները ՀՀ-ն համարում են իրենց հայրենիքը, հպարտանում մայիսյան հերոսամարտերով»,- նկատեց Շարոյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին` նա ասաց. «Մենք, չնայած կասեցրեցինք Ադրբեջանի սադրանքը, ունեցանք կորուստներ` հայրենիքի պաշտպանության համար: Այդ գործի համար նահատակվածները չեն մահանում»:

Տեսանյութը` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ջհանգիր աղայի եւ Անդրանիկ զորավարի լուսանկարները` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031