Այսօր Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանում քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը խաղաղ բողոքի ակցիա էր անում: Նա հանելով իր կոշիկները՝ մոտեցավ ջրավազանին եւ լուռ նստեց այնտեղ:
Հիշեցնենք, որ Աննա Շահնազարյանը բնապահպանական ամենաթեժ բողոքի ակցիայի մասնակիցներից է, նա մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն Թեղուտի եւ այլ բնապահպանական վտանգավոր նախագծերի դեմ:
Շահնազարյանին ոչ միանշանակ ընդունեցին շատրվանների մաքրությամբ զբաղվող տղամարդիկ. Նրանք փորձում էին դուրս հրավիրել ակտիվիստին ջրավազանից , նրանք կարծում էին, թե ակտիվիստը հոգեկան խնդիրներ ունի. «Էս ժողովուրդը սաղ գժվել ա, հա, հորս արեւ»: Բանվորները նույնիսկ սպառնում էին, թե հիմա քլորաջուր կլցնեն ավազանի մեջ, որպեսզի ակտիվիստը ստիպված դուրս գա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս էլ քաղաքագետ եւ միջազգային իրավաբան, ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանն էր Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանում բողոքի ակցիա անում, որի ընթացքում ոստիկանները ուժ կիրառելով նրան ավազանից դուրս հանեցին եւ ուղարկեցին հոգեբուժարան, որտեղից որոշ ժամանակ անց Արմինե Առաքելյանը դուրս էր եկել, երբ փաստել էր, որ ինքը հոգեկան առողջության որեւէ խնդիր չունի:
Աննա Շահնազարյանին այսօր էլ 2 ոստիկաններ փորձում էին դուրս հրավիրել ջրավազանից, նրանց անհաջող փորձերից հետո մի խումբ ոստիկաններ բռնելով Շահնազարյանի ոտքերից եւ ձեռքերից, հակառակ իր կամքին, դուրս հանեցին շատրվանների շրջանակաձեւ ավազանից :
Եվ քանի որ հորդառատ անձրեւ էր տեղում, ոստիկանները նրան հրավիրեցին Ազգային պատկերասրահի կամարաձեւ մուտքի ծածկի տակ:
Այս անգամ էլ ոստիկանները փորձում էին հոգեբուժարան ուղարկել Շահնազարյանին. Սկզբում ոստիկաններից մեկը վստահեցրեց, որ զանգել են ինչ-որ տեղ, պիտի գան տանեն հոգեբուժարան: Մի քանի րոպե հետո նույն ոստիկանն ասաց, որ բժիշկը կգա, տեղում կստուգի՝ պե՞տք է տանել հոգեբուժարան, թե՝ ոչ:
Հետո, հավանաբար ղեկավարության հետ քննարկելուց հետո, այս ոստիկանը Շահնազարյանին ասաց՝ «Ազատ եք, կարող եք գնալ»: Սակայն մինչ այս, ոստիկանները շրջապատել էին ակտիվիստին եւ թույլ չէին տալիս մի քայլ այս կամ այն կողմ անի, չնայած, որ Շահնազարյանը մի քանի անգամ դիմելով ոստիկաններին, խնդրում էր իրեն ազատ թողնել:
Մանրամասն՝ տեսանյութում
Թե ինչո՞ւ է նման բողոքի ակցիայի դիմել՝ Aravot.am-ի այս հարցին Աննա Շահնազարյանը հրաժարվեց պատասխանել, նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ