Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրճատված ծառայողական մեքենաների մի զգալի մասն օգտագործման ենթակա չէ». Դավիթ Հարությունյանը՝ աճուրդի մասին

Մայիս 24,2016 15:20

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչ է արվելու կրճատված ծառայողական մեքենաների հետ, աճուրդի՞ են դրանք հանվելու՝ պատասխանեց. «Դրանց հիմնական մասը կամ դուրս է գրվելու, կամ աճուրդի է հանվելու, կամ որպես մասեր են վաճառվելու: Դրանց մի զգալի մասն օգտագործման ենթակա չէ, ինչ վերաբերում է  այն մեքենաներին, որոնք ֆինանսական հետեւանք են թողնում, այդ մեքենաների հետ կապված ունենք 2 հնարավոր մոտեցում: Մի մոտեցումն այն է, որ տեղափոխում ենք այն մարմիններ, որտեղ կա պակասորդ եւ որոնք պետք է նոր մեքենա գնեին: Մենք ասում ենք՝ եկեք նոր մեքենայի գումարը տնտեսենք, ձեզ տանք օգտագործված մեքենա:

Երկրորդ մոտեցումն այն է, որ մենք որեւէ մարմնի ֆինանսավորում ենք պայմանական 7 մեքենայի հաշվարկով, բայց մարմնում առկա է 9 մեքենա: Կախված, թե այդ մեքենաները երբ են սպառելու իրենց ռեսուրսները, մենք կարող ենք որոշում կայացնենք երկու մեքենան կոնսերվացնենք, թույլ չտանք դրա վրա որեւէ ծախս, բայց երբ այն մեքենաները շարքից դուրս գան, նոր մեքենա չգնեն, օգտագործեն դա»:

Երբ լրագրողները ճշտեցին՝ գույքահարկ է չէ՞ վճարվում այդ մեքենաների համար՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտ է, գույքահարկ վճարվում է, բայց դա քաղաքականության հարց է: Երբ դու արդեն վերցրել ես ու 1 կիլոմետր քշել ես, դա շուկայում անհամեմատ ավելի էժան է, քան թե իրականում իր մաշվածությունը»:

Aravot.am-ի հարցին՝ դրամային արտահայտությամբ ինչքա՞ն խնայողություն է արվում այդ մեքենաների հետ կապված՝ նա պատասխանեց. «109 մեքենա, մոտավորապես յուրաքանչյուր մեքենայի վրա վառելիքի, գույքահարկի համար ծախսը 1,2 մլն դրամ է մոտավորապես տարեկան: Դուրս գրված մեքենաները, որոնք պիտանի են վաճառքի, վաճառվում են, իսկ որոնք պիտանի չեն եւ ավելի մեծ ծախս կլինի դրանք գնահատելը»:

Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հիմա կառավարությունում մեծ աժիոտաժ է առաջացել, պաշտոնյաներն իրենք են ուզում գնել վաճառքի հանված մեքենաները: Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե մենք որոշենք վաճառել մեքենաները, աճուրդի հանենք, դա պետք է լինի դասական աճուրդային տարբերակ, այսինքն, ով ցանկություն ունի՝ կգնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031