ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով տիկին Բուլմահնի այցը Հայաստան, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունները, որոնց թվում նաեւ՝ միջխորհրդարանական համագործակցությունը տարբեր ձեւաչափերում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս տարի կստորագրվի փաստաթուղթ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Էդուարդ Շարմազանովը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիկին Բուլմահնին է ներկայացրել ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ: Էդուարդ Շարմազանովը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասն, ի դեպ, տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ տեղի ունեցած խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի եւ ԴԱԻՇ-ի ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ Էդելգարդ Բուլմահնը դրական են գնահատել օրեր առաջ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության եւ վստահության մեխանիզմների առկայությունը եւ հույս հայտնել, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հետեւողական կլինի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել տիկին Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով եւ դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:
Կարդացեք նաև
Էդելգարդ Բուլմահնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել տարբեր հարթություններում հարաբերությունների խորացումն ու փոխայցերը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում շրջանառվող բանաձեւին՝ տիկին Բուլմահնը նշել է, որ բանաձեւում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով եւ ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Տիկին փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված:
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ