Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ պաշտոնյաներ օգտագործել են ծառայողական սպասարկման մեքենաները, որոնք իրենց կցված չեն եղել». Դավիթ Հարությունյան

Մայիս 24,2016 14:18

Առավել տարածված, բայց արատավոր դեպք կա, երբ պետական բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները ծառայողական մեքենաներից են օգտվել: Վարչապետն այս առնչությամբ ասել է՝ ուղղակի արգելվում է: Եթե կրկնվի՝ կլինեն հետեւանքներ:

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումներն են: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ վերաիմաստավորելու են կառավարության առաքելությունը, մեխանիկական կրճատման չեն գնալու:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Մեքենաների հետ կապված իմացանք, որ միայն փտած եւ չօգտագործվող մեքենաներն են կրճատվում, կրճատվող աշխատակազմի հետ կապված իմացանք, որ չեն կրճատվում, այլ միայն վերաիմաստավորվելու է: Ոչ մի լավ նորություն չիմացանք: Մամուլում կար, որ կառավարությունը մեծ գումարներ է ծախսում, որ ուսումնասիրի, թե որքանով է արդյունավետ գործում կառավարությունը: Եթե ասում է՝ անարդյունավետ է աշխատում, ինչ է անում կառավարությունը, եթե միշտ գովում է, ի՞նչ իմաստ ունի այդ ծախսը: Կարո՞ղ ենք ծանոթանալ գնահատականներին»:

Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց այդքան հոռետես չլինել. «Ես հայտարարել եմ 109 մեքենաների կրճատման մասին, որոնք առաջացնում են ֆինանսական հետեւանքներ: Նմանատիպ հոռետես մոտեցմամբ կարելի է մոտենալ ցանկացած նախաձեռնության: Տարբեր նախարարությունների տարբեր ոլորտների աշխատանքն է գնահատվում, թե որ մարզերում որ խնդիրներն են համարվում առաջնային: Կատարված աշխատանքները զետեղվում են կայքում: Շատ դրական բաներ չեք կարող տեսնել, բազում բացասական գնահատականներ կան ու դու կարողանում ես վերլուծել»:

Էդմոն Մարուքյանն էլ ճշտեց՝ «Իմ գնահատականները ոչ թե հոռետեսական է, այլ՝ իրատեսական: Ես տեսնում եմ այն, ինչ կա: Խոսքը ուռճացված պետական ապարատի մասին է: Ես չեմ կարծում, որ 18 նախարարություններով, առընթեր մարմիններով, գերատեսչություններով կարող է լինել արդյունավետ պետական կառավարում՝ 3 մլն բնակչություն ունեցող երկրում: Մարզպետարաններն էլ շատ ուռճացված, մեծ աշխատակազմեր ունեն, մարդկանց համար պարզ չէ, թե իրենք ինչ խնդիր են լուծում նույնիսկ: Ինչ վերաբերում է մեքենաներին, լավ կլիներ կառավարությունը ասել, թե որ պաշտոնատար անձինք այսուհետ չեն ունենա ծառայողական մեքենաներ, ժողովուրդն էլ կկարողանա գնահատել»:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց. «Հասկանում եմ, որ հանրային շատ մեծ հետաքրքրություն կա ծառայողական մեքենաների նկատմամբ, բայց ինձ համար դա ամենակարեւոր հարցը չի: Շատ նախարարություններում ունենք աշխատանքի կազմակերպման հետեւյալ եղանակը՝ մեքենաները ամրագրվում են՝ նախարար, տեղակալ, աշխատակազմի ղեկավարին: Բայց բազում նախարարություններ ունենք, որտեղ աշխատակազմը անընդհատ շարժման մեջ է գտնվում՝ սկսած քաղշինից: Այլ դեպքերում սպասարկման մեքենաներն են օգտագործվում՝ մեքենաներ, որոնք ուղեգրով են դուրս գրվում: Ասենք, մեկը պետք է գնա աղետի գոտի, առողջապահության նախարարությունից մեկը պետք է գնա մարզ, այդ մեքենաները կոչվում են սպասարկման մեքենաներ, եթե որեւէ պաշտոնատար անձի լրացուցիչ մեքենա է ամրագրվում՝ դրանից է կրճատվում: Ուղեգրով սպասարկման մեքենաները օգտագործվում էր որոշակի պաշտոնյաների կողմից»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով արդեն կայքում պետք է հրապարակեն, թե որ մեքենան որ նախարարությանն են տալիս, որ պետհամարանիշով եւ այլն: Արդեն պետք է հստակ վերահսկեն, թե որ սպասարկման մեքենան ում է սպասարկում: Կառավարության աշխատաոճը պետք է լինի բաց եւ տեղ չտա շահարկումների: Սպասարկման այդ մեքենաները որեւէ պաշտոնատար անձի չպետք է կցվեն, դա պետք է լինի սպասարկման մեքենա. «Առավել տարածված, բայց արատավոր դեպք կա, երբ պետական բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները, որոնք ինքնուրույն իրավաբանական անձինք են, ձեռք են բերում ավտոմեքենա, որը սպասարկում էր լիազոր մարմնի այս կամ այն աշխատակցին: Վարչապետն այս առնչությամբ ասաց՝ ուղղակի արգելվում է: Եթե կրկնվի՝ կլինեն հետեւանքներ, ուղղակի արգելվում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031