Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել Թուրքիայի նոր կառավարության կազմը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Չնայած նախորդ կառավարության համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կառավարության նախկին անդամները հիմնականում պահպանել են իրենց պաշտոնները։
Ըստ այդմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կշարունակի ղեկավարել երկրի արտաքին գերատեսչությունը։ Թուրքիայում ավանդաբար կարևորություն ունեցող տնտեսության նախարարությունը Մուսթաֆա Էլիթաշի փոխարեն կգլխավորի Նիհաթ Զեյբեքչին։ Տրանսպորտի արդեն նախկին նախարար Բինալի Յըլդըրըմին, որը կստանձնի Թուրքիայի վարչապետի պաշտոնը, կփոխարինի Ահմեդ Արսլանը։ Ուշագրավ է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը պահպանել է իր պաշտոնը նոր կառավարությունում և կշարունակի ղեկավարել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։