Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի պնդմամբ` Գառնիի ջրագծի կառուցման ծրագիրը չեղարկողը ոչ թե Համաշխարհային բանկն է, այլ ՀՀ կառավարությունը, որը որոշել է իրականացնել այդ ծրագիրը:
«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանն արձագանքելով այն դիտարկմանը, թե Համաշխարհային բանկից հայտարարել են, որ Վաշինգտոնում քննարկումներ են ընթանում, և այս պահին ծրագիրը չեղարկված չէ, պարոն Գալստյանը մանրամասնեց. «Համաշխարհային բանկը ֆինանսավորել է ոռոգման համակարգի բարելավման ծրագիր, որին 30 միլիոն դրամ վարկ է տվել: Քաղցրաշենի ծրագիրը որոշել է իրականացնել ՀՀ կառավարությունը, ոչ թե համաշխարհային բանկը: Այսինքն` ծրագիրը չեղարկողը ՀՀ կառավարությունն է»:
Հարցին` չեղարկման բանավոր որոշումը արդյոք բավարա՞ր է պայքարի դուրս եկած գառնեցիների համար, Գառնի համայնքի բնակիչ, ակտիվիստ Արուսյակ Այվազյանը պատասխանեց. «Չեմ կասկածում, որ նրանք հասկացան` մենք մեր որոշման մեջ հաստատակամ ենք: Հավանաբար չեն գնա այլ ճանապարհներով այդ ծրագրի իրականացման քայլին. միևնույն է, ամեն գնով էլ թույլ չենք տալու իրականացնել իրենց սև գործը: Դա կյանքի ու մահվան խնդիր է»:
Լրագրող Սառա Պետրոսյանը հիշեցրեց, որ գառնեցիների պահանջը ծրագրի դադարեցումն է. «Մեր պահանջն իրականացված ենք համարում նրանով, որ վարչապետը հայտարարեց դադարեցման մասին, քանի որ դեռ փաստաթղթավորման փուլ պիտի անցնի: Հիմա կառավարությունը միակողմանի է հայտարարել դադարեցման մասին, բայց հայտնի, է, որ դա վարկավորման ծրագիր է: Ազատի կիրճում են գտնվում բավականին արժեքավոր բնապահպանական և մշակութային արժեքներ` քարե սիմֆոնիան, 11-րդ դարի կամուրջը: Այնտեղ չորս բնապահպանական հուշարձան է հաշվառված: Երբ կառավարությունը այդ ծրագիրը ներկայացնում էր, չէր հիմնավորում, չէր կարողանում հավաստիացնել, որ չեն վնասում հուշարձանները»:
Կարդացեք նաև
«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը փաստեց, որ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլ մարդու` ջրի իրավունքի խախտման հարց կա: Նա մտահոգություն հայտնեց, որ մարդու` ջրի իրավունքը հանվել է ՀՀ Սահմանադրությունից. «Ամբողջ աշխարհում դա մարդու անքակտելի իրավունքներից է, իսկ մեզ մոտ ոչ մի տեղ դա չես գտնի, բա մենք կարո՞ղ ենք մեզ համարել նորմալ երկիր: Անկախության հռչակագրում այդ իրավունքը կա, սկսել ենք մատների արանքով նայե՞լ այդ հռչակագրին»:
Նշենք, որ 520 գառնեցիներ նամակ են հղել Համաշխարհային բանկին: Արդյոք այդ նամակը որոշի՞չ է եղել, Սառա Պետրոսյանն արձագանքեց. «Այդ նամակում ներկայացվել են այն խախտումները, որոնցով վարկավորվել է ծրագիրը: Չեմ կարող հաստատապես ասել, բայց կարծում եմ, որ կառավարությունն ինքն էլ տեղեկանալով այդ խախտումների մասին` հստակ գիտեր, որ հազիվ թե Համաշխարհային բանկը հանդուրժող լինի»:
Արդյոք այս ծրագրի չեղարկումով չե՞ն անտեսվում մյուս համայնքների բնակիչների շահերը, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Փոխանակ մի համայնքի ջուր վերցնենք, ուղղենք մյուսին, պետք է կառուցենք նոր ջրամբարներ և զարգացնենք այլընտրանքային` արևային էներգետիկան, որ նման մեծ գին համայնքները չտան ջուր օգտագործելու համար: Մենք նոր ջրամբարներ պիտի կառուցենք, քանի որ ՀՀ-ն արդեն սակավաջուր երկիր է համարվում, ինչը լուրջ անվտանգության խնդիր է»:
Սառա Պետրոսյանը հայտարարեց, թե ողջ բնակչությունը պնդում էր, որ Ազատ գետում ջուրը սրունքը չէր ծածկում, եթե ոռոգման համար ջուրը վերցնեինք, արդեն գետը չէինք ունենա: Դիտարկմանը, մի՞թե պաշտոնյաներն այդ հարցը հաշվի չէին առել, քանի որ նշվում է, որ այս ծրագիրն իրագործվում է պաշտոնյաների հողատարածքները ոռոգելու անձնական շահի համար, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Ես վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասացի, որ նա Նարեկ գյուղում ունի 120 հա հողատարածք, Գագիկ Խաչատրյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն ունեն հողատարածքներ, վարչապետը Քաղցրաշեն գյուղում ունի 80 հա: Այդ երկու գյուղերի համար կբավարարի ջուրը: Ստացվում է, որ Հայաստանը վարկ է վերցնում, որ պաշտոնյաների այգիները ոռոգվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ