«ԱԺ-ում գործուղումներ գնալիս երբեւէ չեն օգտվել բիզնես կլասի տոմսերից: Նրանք նույնիսկ առաջին տեղերից չեն օգտվել, հանձնաժողովների նախագահներին դուք կարող էիք տեսնել 15, 16-րդ տեղերում նստած»,- այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նա ասաց, որ խնայողությունների հարցում հետեւողական են լինելու, ինչ վերաբերում է կառուցվածքում կրճատումներին, ասաց, որ դա ինքնանպատակ չեն կարող անել. «Ունե՞նք ավելորդ հաստիքներ, հնարավո՞ր է ավելի փոքր կազմով այդ խնդիրները լուծել, թե՞ չէ: Կրճատումները պետք է սահուն անել, ինձ համար դժվար է անգամ մեկ տեխնիկական աշխատող՝ լինի այգեպան, հավաքարար, նրան գործից ազատելը՝ այն դեպքում, երբ ոչ թե կենսաթոշակային տարիքն է մեկ տարով անցել, այլ նա արդեն 80 տարեկան է եւ խնդրում է հնարավորություն տալ աշխատել, որովհետեւ սոցիալական վատ վիճակում է: Այդ պայմաններում բավականին դժվար է կրճատում անել: Կրճատում եղել է այն դեպքում, երբ թափուր հաստիքներ են եղել՝ կենսաթոշակի անցնելուց, աշխատանքից դուրս գալուց, դրանք փորձել ենք այլեւս չհամալրել, այլ սեփական ռեսուրսներով անել՝ տեղափոխությունների միջոցով: Կտրուկ փոփոխությունները, կրճատումները այդ մարդկանց համար խնդիրներ կարող են առաջացնել»:
Հրայր Թովմասյանն ասաց, որ առաջիկայում ատեստացիան աշխատողների համար կխստացնեն եւ նրանք, ովքեր չեն անցնի, հաստիքները կկրճատեն:
Հրայր Թովմասյանն ասաց, որ հանձնաժողովներ կան, որոնց ծանրաբեռնվածությունը տարբեր է, օրինակ, պետաիրավականը, տնտեսականը ծանրաբեռնված են եւ ունեն նույն թվով փորձագետներ, ինչ մյուս հանձնաժողովները. «Սա Կանոնակարգ օրենքի խնդիրն է: ԱԺ նախագահին պետք է իրավունք վերապահել, որ ելնելով ծանրաբեռնվածությունից՝ կա’մ փորձագետներին գործուղել այլ հանձնաժողովներ, կա’մ որոշում կայացնել փորձագետների թիվն ավելացնել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ օրինակ, Մարդու իրավունքների եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հնարավոր է մի փորձագետ կարողանա աշխատել՝ համատեղելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ