ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարողականը:
2015-ի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ: Հատկացված գումարից նախագահի աշխատակազմը կարողացել է տնտեսել 64 մլն դրամ:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ «2015-ի ընթացքում ՀՀ նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական եւ աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ընդունել ավելի քան 40 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ այցելած օտարերկրյա այլ նախարարների, հասարակական գործիչների հետ 75 հանդիպում է ունեցել, շուրջ 50 հանդիպում էլ ունեցել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ»:
ՀՀ նախագահը այցելել է ՀՀ բոլոր մարզերը, մասնակցել միջոցառումների: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը 151 տեղեկանք է պատրաստել՝ ստուգումների արդյունքում: Դիմում-բողոքների բաժինն էլ ստացել է 6500 բողոք եւ առաջարկություն, ընդունել է 6000-ից ավելի քաղաքացիների:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց, թե քանի նյութ է տեղադրվել ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, այցելությունների թիվն էլ կազմել է 1 մլն 911 հազար:
Արդեն ավանդույթ է դարձել ՀՀ նախագահի նստավայր այցելությունների ծրագիրը, որի շրջանակներում ավագ դպրոցների աշակերտներն այցելում են նստավայր, ընդհանուր առմամբ դրան մասնակցել է ավելի քան 1000 աշակերտ:
Վիգեն Սարգսյանի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել 10 հազար 468 անձ, որից 3156-ը՝ սիրիահայեր, իսկ քաղաքացիությունից հրաժարվել է 2466 անձ:
Ուշագրավ է, որ պատգամավորներից որեւէ մեկը որեւէ հարց չուղղեց Վիգեն Սարգսյանին՝ ծախսերի կապակցությամբ, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ