Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում. նվիրված տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 250-ամյակին

Մայիս 24,2016 12:15

Մայիսի 21-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքի Մշակույթի տանն անցկացվեց գիտական սիմպոզիում` նվիրված տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 250-ամյակին:

«Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի. Երկուսուկես դարի պատմություն (1766-2016)» խորագրով սիմպոզիումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության, Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի, վերջինիս Հայագիտության ինստիտուտի և Միջազգային հարաբերությունների և անվտանգության ուսումնասիրությունների դպրոցի ջանքերով:

Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն եւ Սիբիուի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը, Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության Կլուժի եւ Դումբրավենի մասնաճյուղի ղեկավարներ Կարեն Աթիլա Սեբեշին եւ Իոն Կալինեսկուն, ՌՀՄ տարաշքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ:

Սիմպոզիումի բացմանը Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը խոսեց Տրանսիլվանիայում հայերի վաղեմի ներկայության և նրանց ազգային-մշակութային և սոցիալ-տնտեսական գործունեության մասին` ՀՀ դեսպանության անունից արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

Նկատի ունենալով Դումբրավենում հայ համայնքի շուրջ 300-ամյա պատմությունը, բանախոսները հանգամանորեն անդրադարձան Տրանսիլվանիայում և Դումբրավենում հայկական հետքին, ժառանգությանն ու նշանավոր անհատներին: Դումբրավենի հայկական հուշարձանների տեղագրության, 18-րդ դարում Օսմանյան կայսրության և Կենտրոնական Եվրոպայի միջև առևտրին Տրանսիլվանիայի հայ առևտրականների մասնակցության եւ այլ թեմաներով բանախոսություններով հանդես եկան Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայի համալսարանի գիտաշխատողներ և հետազոտողներ դոկտ. Օանա Հաբորը, Կրիստինա Սինտամարիան, Էդուարդ Անտոնյանը, Պաուլ Կրաչիունը, Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտից Կատալինա Կելկուն և Մարիուս Կելկուն: Հատկապես տպավորիչ էր Ավետիք Լուկաչի հայանպաստ գործունեության մանրամասների վերհանումը: Ավետիք Լուկաչը (Ղուկաս Ավետիքյան, 1847-1809) եղել է Դումբրավենի (նախկինում՝ Եղիսաբեթուպոլիս) հոգևոր հայրն ու ժողովրդապետը, դասավանդել է տեղի հայկական դպրոցում, հիմնել արվեստների դպրոց, հեղինակել մոտ մեկ տասնյակ հունգարալեզու հայագիտական աշխատություններ, Գեռլա (Արմենոպոլիս) հայաքաղաքում տպագրված հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակել բազմաթիվ հոդվածներ՝ իր բազմարդյուն գործունեության համար արժանանալով ասպետական կարգի շքանշանի։

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը:

Սիմպոզիումի ավարտին 250-ամյա Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ ռումին ականավոր դաշնակահար Հորիա Միհաիլի մենահամերգը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին նաև Դումբրավենի հայկական վայրեր:

2012թ. Դումբրավենը եւ Հայաստանի Նոյեմբերյանը դարձել են քույր քաղաքներ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031