Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգ Վաշինգտոնից. Վիեննան «ջրել» չի թույլատրվում

Մայիս 24,2016 22:00

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսային խոսակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ս.թ. մայիսի 21-ին փորձ էին՝ կասեցնելու Մոսկվայի եւ Բաքվի ձգտումը շարունակելու համատեղ «ավանդույթը», երբ բանակցությունների ժամանակ ասում ես այն, ինչ ուզում է դիմացինդ լսել, իսկ հետո անում ես այն, ինչ ուզում ես:

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած քննարկման արդյունքներով ս.թ. մայիսի 16-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են. «Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ»։

Սակայն հաշված օրեր անց, երբ կրկին Բաքու էր այցելել ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Ադրբեջանը Ալիեւի վարչակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի շուրթերով հայտարարում է, որ Բաքուն որեւէ պարտավորություն չի ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ, Անջեյ Կասպրշիկի առաքելության մանդատը «չի կարող» փոփոխվել:

Բայդենի հեռախոսազանգերի արդյունքներն ամփոփված են Սպիտակ տան հակիրճ հաղորդագրության մեջ, ըստ որի՝ առաջնորդներն, այնուամենայնիվ, «համաձայնվել են, որ կարեւոր է շուտափույթ կերպով կատարել խոստումը ԵԱՀԿ գործող առաքելության ընդլայնման վերաբերյալ եւ ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմը»: Այսինքն՝ Ադրբեջանը, ստացվում է, շատ լավ էլ ստանձնել է այդ պարտավորությունը, եւ Սպիտակ տան հայտարարության հերքում Բաքվից, որը կպնդի հակառակը, չկա:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե գնում ես խաղաղ կարգավորման, եւ մտադիր կամ շահագրգիռ չես շեղվելու այդ ուղուց, ապա այս քայլերն ուղղակի այլընտրանք չունեն: Կասկածից դուրս է նաեւ, որ Բաքվի մտադրությունների մեջ սա չի տեղավորվում, սակայն Բաքուն ստիպված է լինելու ընթանալ այդ ուղով եւ ուղղակի չի կարող ինքնագլուխ շեղվել դրանից, եթե իրական կոնսենսուս կա միջնորդների միջեւ:

Վերոհիշյալ եռակողմ հայտարարությունից բխում է, որ այդ կոնսենսուսն առերեւույթ, այնուամենայնիվ, կա: Սակայն Բաքվի թույլ տրված հետքայլը ցույց է տալիս, որ՝ այո՛, Մինսկի խմբի եռանախագահող եռյակից մեկը նրան խրախուսում է, որ Ադրբեջանն իրեն «ազատ» զգա թե՛ ֆիքսված պարտավորություններից, թե՛ իր՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խաթարող պահվածքը շարունակելիս:
Իսկ Բայդենի զանգը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է իրավիճակին տարածաշրջանում եւ հաստատակամորեն կասեցնում է Բաքվի՝ ստանձնած պարտավորությունների «ազատ» մեկնաբանությունը: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները «ջրել» չստացվեց, Վաշինգտոնը թույլ չի տա:
Ընդունված է ասել, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանն ու Արեւմուտքը, ի տարբերություն այլ տարածաշրջանների եւ ի հեճուկս ներկայիս փոխհարաբերությունների, գործում են միասնաբար: Սակայն իրականությունն, ինչպես տեսնում ենք, ավելի «բարդ» է, իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի հակառակը:

Մոսկվան ընդդեմ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի ծավալել է «միաժամանակյա խաղի սեանս» մի քանի «խաղատախտակների» վրա եւ հընթացս ավելացնում է այդ «խաղատախտակների» թիվը. Արկտիկա, Բալթիկ ծով, Կենտրոնական Եվրոպա, Ուկրաինա, Մոլդովա, Սեւ ծով, Վրաստան, Մերձավոր Արեւելք: Նշված բոլոր տարածաշրջաններում Մոսկվան հանդես է գալիս որպես ԱՄՆ ռազմավարության ընդգծված հակառակորդ, մեծ չափաբաժին ունի քարոզչական դիմակայությունը: ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, այն է՝ բարձրագույն զինվորական պաշտոնյա՝ գեներալ Ջո Դանդորֆը Ռուսաստանն անվանում է ռեւանշիստական, ակնհայտորեն անտագոնիստական պետություն եւ հայտարարում, որ ԱՄՆ-ը մտադիր է «մկաններ ցուցադրել», ինչից խուսափել է Սառը պատերազմի ավարտից ի վեր: ՆԱՏՕ-ն հայտարարում է Մոսկվայի նկատմամբ երկակի մոտեցման մասին. պաշտպանություն եւ երկխոսություն, ինչն ուղղված է Ռուսաստանին ուղղակիորեն զսպելուն: Եվ Արեւմուտքն, այնուամենայնիվ, կարողանում է եթե չխափանել, ապա գոնե էապես սահմանափակել եւ զսպել Մոսկվայի հնարավորությունները՝ դարձնելով ագրեսիվ պահվածքի քաղաքական գինը Մոսկվայի համար անընդունելի բարձր: Սակայն տեսնում ենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում իրավիճակը տարբերվում է մի կարեւոր հանգամանքով: Այստեղ Մոսկվան կարողանում է թաքնվել «Արեւմուտքի էներգետիկ գործընկեր», «ինքնուրույն», «ինքնիշխան» Ալիեւի ռեժիմի հետեւում եւ նրա միջոցով տանել սեփական խաղը: Եվ ֆունկցիոնալ առումով Կովկասում Մոսկվայի թիվ մեկ դաշնակիցն ու «հաղորդիչն», ըստ էության, Բաքուն է, այլ ոչ թե Երեւանը՝ ինչպես դա կարող է թվալ մակերեսային հայացքից:
Ըստ էության, այդպես էլ սկսվեց քառօրյա պատերազմը: Մոսկվայի գործը հեշտացնում է անկյուն քշված, ԵՏՄ-ի մեջ «բերման ենթարկված», ՀԱՊԿ-ին անդամակցող, իր ամեն ինչը ռուսներին հանձնած, «ռուսամետի» համբավ ունեցող Հայաստանի պահվածքը: Սրանով Մոսկվան իր մանեւրի համար լայն դաշտ է ստանում՝ թյուրիմացության եւ մոլորության մեջ պահելով Արեւմուտքին, շարունակելով շանտաժը հակամարտության կողմերի նկատմամբ եւ միաժամանակ հանդես է գալիս որպես Արեւմուտքի «կառուցողական գործընկեր»՝ հայկական կողմի պասիվության, կրավորական եւ վախվորած քաղաքականության, նրա՝ Մոսկվայից միակողմանի կախվածության ֆոնին:

Երեւանի խնդիրն է թույլ չտալ նոր պատերազմ, եւ այդ առումով Հայաստանի շահերը լիովին համընկնում են Արեւմուտքի հետ, այլ ոչ թե Մոսկվայի, որը կարող է ցանկացած հարմար պահի կրկին «դաբրո» եւ մի քանի օր ժամանակ տալ Բաքվին, որպեսզի նա նոր փորձ ձեռնարկի ուժային ճանապարհով, եւ էապես փոխել ստատուս քվոն: Հաշվի առնենք այս պարզ իրողությունը՝ կրկնելով եւս մի անգամ, որ առանց ռուսական բազմամիլիարդ զինամատակարարումների, առանց Մոսկվայի բարոյաքաղաքական խրախուսման Ալիեւն ուղղակի չի կարող եւ չի էլ կարողանա վարել այն ագրեսիվ քաղաքականությունը, որը նա վարում է այսօր, եւ դա չի անի, եթե դա ուղղակիորեն չբխի Մոսկվայի շահերից:
Հայաստանի դիվանագիտությունը Վիեննայում սկսված գործընթացում պետք է լուծի մի քանի խնդիր, որից ամենակարեւորն է՝ անընդունելի դարձնել նոր պատերազմի սանձազերծման քաղաքական գինը Մոսկվայի եւ Բաքվի համար: Դրա համար, Վիեննայի գործընթացին զուգահեռ, Երեւանը պետք է ձեռնարկի գործընթաց՝ ուղղված նրան, որ ազատի իր պարանոցն ու ձեռքերը ռուսական «դաշինքային», «դարավոր-բարեկամական», «ռազմավարական» եւ այլեւայլ կապանքներից:

Անհրաժեշտ է վերագնահատել սպառնալիքները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները, վերանայել քաղաքական ռազմավարությունը. ովքե՞ր են մեր իրական հակառակորդները եւ ովքե՞ր են մեր հնարավոր դաշնակիցներն այդ ճանապարհին: Դա է պատերազմից եւ նորանոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը: Կրկնենք եւս մեկ անգամ. Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ սխալվել եւ պարտվել եւս մի քանի անգամ, իսկ Հայաստանն ու Արցախը՝ ոչ մի եւ ոչ մի դեպքում:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամբողջովին սխալ, անհիմն եւ անտրամաբանական բան մըն է այս յօդուածը:

    Նամանաւանդ, այդտեղ լիովին յեղաշրջված են բոլոր տարրական տվեալները:

    Արեւմուտք-Ռուսաստան արդի հակամարտութիւնը,
    Արեւմուտքն է որ սկսաւ:

    Չգոհանալով Խորհրդային Միութեան փլուզումով, մինչ Ռուսաստանը տկարացած էր, Արեւմուտքը մէկ առ մէկ անկէ խլեց անոր ազդեցութեան ոլորտի մէջ գտնվող բոլոր երկիրները: Երբ հասաւ մինչեւ Վրաստանին, արդէն Ռուսաստանը ինքզինք վերականգնած էր, եւ կարողացաւ առաջին հակազդեցութիւնը տալ: Իսկ երբ կարգը եկաւ Ուկրայինայի, Ռուսաստանը այլեւս կարմիր գիծը քաշեց: Եւ ինք ալ միջամտեց Միջին Արեւելք, փրկելու համար Սուրիան – մինչ Արեւմուտքը այդտեղ ալ մէկ առ մէկ անէացնելու ընթացքի մէջ էր արաբական պետութիւնները – : Ատոր վրայ, Արեւմուտքը Ռուսաստանի դէմ նետեց իր շրջանային թանկագին դաշնակից Թուրքիան: Ապա կանաչ լոյսը տվեց Պաքուին, որ յարձակի Հայաստանիը վրայ: Յետոյ ալ (Սամ) Քեռին եկաւ, բարի-բարի երեսով, հաշտարարի դերասանութիւնը խաղալու:

    Նշոյլ մը տրամաբանութիւն չկայ, ոչ մի նշոյլ, այն վարկածին մէջ թէ Ռուսաստանի հաշւոյն նպաստաւոր է Արցախի պատերազմի բռնկեցումը: Վերեւի գրութեան մէջ այդ ուղղութեամբ կատարվաղ ակնարկութիւնները չափազանց պղտոր են: Չասելու համար ուրիշ բան:

    Արեւմուտքի ձեր – կոյր – պաշտամունքը դէպի կործանում կը տանի Հայաստանը: Բարեբախտաբար, երկրի ղեկավարները լաւ են հասկանում թէ բանն ինչումն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031