Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում են Ղրղզըստանի ԱԳ նախարար Էրլան Աբիլդաևը, Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսովը, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Քամիլովը, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Ասլովը։
Գագաթնաժողովի աշխատանքները հայտարարելով բացված՝ Ուզբեկստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ այսօրվա հանդիպումը վերջին փուլն է՝ 2016թ. հունիսի 23-24-ը Տաշքենդում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից առաջ։
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 16-ին Պեկինում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։