2016թ. մայիսի 23-ից 24-ը Ստամբուլում անց է կացվում ՄԱԿ-ի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը, որի շրջանակներում Թուրքիա են ժամանել աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ։ Օգտվելով առիթից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք հանդիպումներ է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Նախագահ Էրդողանը ընդունել է Հոլանդիայի վարչապետ Ռուտտեին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, Մակեդոնիայի նախագահ Իվանովին, Հունաստանի վարչապետ Ցիպրասին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Քաթարի առաջնորդ Աբդուլլահ Նասրիին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդին։
Կարդացեք նաև
Կայացած հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում նախագահները կրկին անդրադարձել են Արցախի հակամարտությանը, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Ուկրաինայի ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կվերապատրաստվեն Թուրքիայում։ Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի և Թուրքիայի միջև հաստատվեն ազատ առևտրական հարաբերություններ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիական ճգնաժամին, փախստականներին և Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունի հետ հանդիպման առանցքում եղել է ահաբեկչության դեմ պայքարը և Թուրքիայի ներգրավվածության մակարդակը այդ պայքարին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ գագաթնաժողովը պատշաճ կազմակերպելու համար։