Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհների գոյությունը Հայաստանում հիմնավորված եւ կարգավորված է օրենսդրությամբ. «Հայոց աշխարհ»

Մայիս 24,2016 08:22

Որքան էլ տարօրինակ է, իրականությունն այն է, որ մենաշնորհների գոյությունը Հայաստանում հիմնավորված եւ կարգավորված է օրենսդրությամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության գործող մոդելը թույլ է տալիս տնտեսավարողներին մենաշնորհային կամ էլ գերիշխող դիրք զբաղեցնել ցանկացած շուկայում։ Ընդ որում՝ դա կարող է լինել նաեւ բացարձակ, երբ շուկայի 99 տոկոսը զբաղեցնում է ընդամենը մեկ մասնակից։ Խոսքը ամենեւին էլ բնական մենաշնորհների մասին չէ։

Հայաստանում գործող տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգը ենթադրում է պայքարել ոչ թե մենաշնորհների, այլ դրանց թույլ տված չարաշահումների դեմ։ Նախորդ շրջանի փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը արդյունավետ միջոց չէ բարենպաստ մրցակցային միջավայր ձեւավորելու համար։

Դատելով այն հանգամանքից, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մենաշնորհային շուկաներում գրեթե խախտումներ չի հայտնաբերում, հարկ է ենթադրել, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է, իսկ գերիշխող դիրք զբաղեցնողները չեն խոչընդոտում այլ տնտեսավարողների գործունեությանը։

Իրականում հանրահայտ է, որ այդպես չէ։ Մենաշնորհները տարբեր ճանապարհներով միշտ էլ խնդիրներ են հարուցում շուկայի մյուս մասնակիցների համար։ Դրա հետեւանքով վերջիններս երբեմն-երբեմն սնանկանում են, դուրս մնում գործունեության տվյալ ոլորտից, իսկ շատ հաճախ պարզապես չեն էլ փորձում ոլորտ մտնել՝ աչքի առաջ ունենալով հնարավոր բացասական գործոնները։

Այլ տնտեսավարողների նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնողների կիրառած հակամրցակցային գործողություններին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հազվադեպ է միջամտում, որովհետեւ հայտնի պատճառներով հանձնաժողովը հիմնականում չի բարձրաձայնում նման երեւույթների մասին՝ խուսափելով տհաճ հետեւանքներից։

Ժամանակին դեղերի շուկայում գերիշխող դիրք ունեցող հայտնի ընկերություններից մեկը, ի դեմս՝ «Նատալի ֆարմի», միտումնավոր սնանկացման էր հասցրել նույն ոլորտում գործող մեկ այլ՝ ավելի սուղ ֆինանսական հնարավորություններ ունեցող ընկերության։ Հանձնաժողովը հակամրցակցային պահվածքի համար որոշեց տուգանել գերիշխող դիրքը չարաշահողին։ Արդյունքը եղավ ընդամենը այն, որ սնանկացման եզրին կանգնած ընկերությունը դուրս մնաց շուկայից, իսկ «Նատալի ֆարմը» շարունակեց հաջողությամբ իրականացնել իր գործունեությունը։

Այս փաստը բավարար է հասկանալու համար, որ մենաշնորհների օրինական գոյության պայմաններում գործող մեխանիզմները թերի են դրանց հակամրցակցային գործողությունները կանխելու համար։ Անգամ կիրառվող տույժ-տուգանքների խստացումները չեն փոխում վիճակը։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031