Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խորհուրդ կտաք`Գյանջան վերցնե՞նք»

Մայիս 23,2016 23:03

Ռուսաստանի պետական Դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը մտահոգված է`Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բայց ՀՀ Ազգային ժողովում կա Եվրաինտեգրացիայի հանձնաժողով, իսկ ԵԱՏՄ-ն հիշատակող-հիշեցնող`ոչինչ: Այդ մասին իր մտահոգությունները Դումայի խորհրդականը բարձրաձայնեց հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ`հուսով, որ դրանք կհասնեն «որտեղ որ պետքն է»:

Պատվիրակության անդամ, «Իրավունք» հոլդինգի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ռուսաստանցի պաշտոնյային վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո այդ հարցը լուծում կստանա:

Օրերս ՌԴ մայրաքաղաքում էր հայաստանցի լրագրողների խումբը`ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:
Դա, ռուսաստանցի պաշտոնյայի միակ մտահոգությունը չէր: Նրան, նաեւ ՌԴ Դաշնային ժողովի պատգամավոր միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովին մտահոգում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեծությունը: Ի պատասխան հայաստանցի լրագրողների`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի էլ հաճախ էին լսվում հակադարձումները`որ ՀՀ-ն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մեջ է մտնում, մենք հո չե՞նք ըմբոստանում:

Խոսելով ԼՂՀ խնդրի, Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, Դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը վերհիշեց ղարաբաղյան առաջին պատերազմը, հրադադարի պայմանագրի պատրաստումը, ստորագրումը: Ինքն էլ էր այդ գործընթացի մասնակիցը եղել: Նա հիշեց, որ 1994-ին Ադրբեջանը չէր ցանկանում ստորագրել պայմանագիրը, բայց «հայկական բանակը Գյանջայի մոտ էր» ու Ադրբեջանին այլընտրանք չէր մնում:

Հանդիպման վերջում, «Արարատ» հեռուստաընկերության լուրերի եւ հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Միհրան Հակոբյանը Միխայիլ Կրոտովին հարցրեց`հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, Գյանջան վերցնե՞նք: Պարոն Կրոտովը բազմանշանակ ժպտաց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031