Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնեցի Արուսյակ Այվազյանն այսօր խոսել է ՀԲ Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ (Տեսանյութ)

Մայիս 23,2016 22:25

Այսօր գառնեցի Արուսյակ Այվազյանը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում «սկայփի» միջոցով զրույց է ունեցել Վաշինգտոնում տեղակայված գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների հետ: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Այվազյանն ասաց, որ ՀԲ ամերիկյան ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրը:

«Ես պատմեցի, որ իրենց ծրագիրը սխալ են ներկայացրել, եւ իրենց ճիշտ չեն ասել, իբր թե գառնեցիները կողմ են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին: Ասացի, որ մենք 2300 ստորագրություն ենք հավաքել եւ ուղարկել ՀՀ  նախագահին՝ ծրագիրը չեղարկելու համար: Ես նրանց բացատրեցի, որ սա կործանարար ծրագիր է, այն նրանք պետք է ուշադիր լինեն, լավ ուսումնասիրեն ծրագիրը,  սա նաեւ իրենց բանկի վարկանիշն է, ինչպե՞ս կարող են ֆինանսավորել մի ծրագիր, որը էկոլոգիական աղետի է բերելու: Բանկի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ  հունիսի կեսերին կգան Հայաստան եւ Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ծրագրի համար»:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Գառնի-Երեւան ճանապարհը գառնեցիները փակել էին՝ նշված ծրագրի չեղարկման պահանջով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Գառնի եւ բնակիչների հետ զրուցելուց հետո բանավոր հայտարարել, որ այն կչեղարկի:

Հիշեցնենք նաեւ ՀԲ-ն Հայաստանի կառավարությանն է տրամադրել 30 միլիոն դոլար վարկ ոռոգման համակարգի բարելավման համար: «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին հատկացվելու է 10,4 մլն դոլար: Այս ծրագրով պետք է Գառնիի տաճարի ներքեւից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջուրը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով: 1232 հեկտար հողերից մոտ 800-ը գտնվում են Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում. Այստեղ, ըստ մամուլի հրապարակումների եւ տեղաբնակների,  հսկայական հողատարածքներ ունեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու մի շարք այլ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ծրագրի արդյունքում, բնապահպանների  վստահեցմամբ՝ վտանգվելու է շրջակա միջավայրը:

Նշենք, որ գառնեցիների այս պայքարի օրերին փորձեր են եղել սպառնալ եւ ճնշումներ գործադրել Արուսյակ Այվազյանին եւ մի քանի գառնեցիների:

Թե ինչպիսի ճնշումներ են եղել Արուսյակ Այվազյանի նկատմամբ` տեսանյութում:

Արուսյակ Այվազյանը մեզ հետ զրույցում պատմեց իր դավանանքի մասին. «Ցեղակրոն եմ, ինձ համար հայրենիքից վեհ ոչ մի բան չկա, ոչ՝ կրոն, ոչ՝ կուսակցություն, ոչ մի բան»:

Տիկին Այվազյանի՝ կրոնի եւ հայրենիքի մասին դիտարկումները՝  տեսանյութում

Գառնեցի կինն ասում է, որ իրենք չեն դադարեցնելու պայքարը, հաջորդը՝ Գեղարդալճի համար է լինելու, Գեղարդալիճն էլ Ազատ գետի պես վտանգված է եւ կրկին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապրիլի առաջին տասնօրյակն էր:Մեզ հետ էր Իսրայելի Հայֆա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մոտտի Էյնասը՝ մենակատարի հետ եկել էինք Հայաստանի Կոմպոզիտորների միության Փառատոնին:Համերգից հետո որոշեցի նրանց հարգանքի տուրք մատուցել ու տարանք Գառնի Գեղարդ,որ այնտեղից էլ դեպի Սեւան…:Արդեն շատ քիչ ճանապարհ էր մնացել հասնեինք Գառնու տաճարը, մեկ էլ տեսնենք հոծ բազմություն, ժողովուրդ եւ ոստիկաններ,որոնք եւ փակել էին ճանապարհը:Վեճ էր գնում:Այլ մեքենաներ նույնպես կանգնած էին շվարած…:Հարցրեցինք պատճառը՝ բացատրեցին: Փորձեցինք խնդրել ,որ մեզ «բացառություն» անեն…ժողովուրդը կանգնած էր վճռական ու հերոսաբար: Կեցցես ժողովուրդ,արի ու հպարտ գառնեցիներ:Նրանց հաջողություն ցանկացանք իշխանության դեմ պայքարում,պտտեցինք մեքենան եւ ուղիղ Սեւան:Իսկ ճանապարհին,մեր հյուրերին բացատրեցինք՝ ժողովուրդը դուրս է եկել պայքարի իշխանության դեմ:Ընդունեցին գոհունակությամբ…Հաջողություն քեզ,ԳԱՌՆԵՑԻ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031