«Ազատություն» ռ/կ. ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին կոչ են անում Հայաստանյան քաղաքական ուժերին շարունակել քննարկումները նոր ընտրական օրենսգրքի շուրջ և փոխհամաձայնության գալ՝ հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելու համար:
«Նոր ընտրական համակարգը և ընտրակարգը, եթե պատշաճ կիրառվեն, կարող են Հայաստանը հասցնել նոր կարևոր փուլի՝ երկրի ժողովրդավարական զարգացման առումով»,- հայտարարում են համազեկուցողները, ովքեր Հայաստան էին այցելել մայիսի 11-12-ը և հանդիպել իշխանության, քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
«Միաժամանակ մենք լիովին կիսում ենք Վենետիկի հանձնաժողովի արտահայտած մտահոգությունը, որ օրենսգիրքը խրթին է, ինչը կարող է ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վերաբերյալ հանրային վստահության վրա», – ասել էն համազեկուցողները՝ դա համարելով իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար կարևորագույն պայման: – «Այդ պատճառով մենք ողջունում են իշխանությունների պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչպես սահմանադրական բարեփոխումների ժամանակ էր», – հավելել են նրանք:
Համազեկուցողների կարծիքով՝ «Հայաստանում նոր քաղաքական համակարգի ներդրումը կարող է դրականորեն անդրադառնալ այն կուսակցությունների վրա, որոնք պատրաստ են համագործակցել և քաղաքական կոալիցիաներ կազմել, ինչը հակակշիռ կհանդիսանա այն հակոտնյա մտածողությանը, որը, ցավոք, գերիշխում է Հայաստանի քաղաքական համակարգում՝ հաճախ ի հաշիվ երկրի ժողովրդավարացման»: Այս առումով համազեկուցողները մտահոգություն են հայտնում Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և շատ կարճ ժամանակ տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը:
Կարդացեք նաև
Այդ պատճառով համազեկուցողները ողջունում են ստացված ազդակներն այն մասին, որ կոալիցիա կազմելու ժամկետները կարող են ավելացվել և կոչ են անում իշխող մեծամասնությանը՝ դիտարկել ընտրությունների առաջին փուլից հետո կառավարություն կազմելու համար երեք կուսակցությունից կազմված կոալիցիայի սահմանափակումը վերացնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ համազեկուցողներն արտահայտել են իրենց մտահոգությունը շփման գծում ռազմական գործողությունների ապրիլյան սրացումից հետո շարունակվող լարվածության վերաբերյալ: Նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել՝ ԵԱՀԿ հովանու ներքո, ինչը կարևոր նշանակություն կունենա հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար: Բացի այս նրանք հայտարարում են․ – «Մենք տեղեկացվել ենք վայրագությունների և հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել են ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Այդ հաղորդումները պետք է ամբողջովին և անկախ կերպով հետաքննվեն, գերադասելի է՝ Մինսկի խմբի շրջանակներում, և եթե ապացուցվեն, դրանց պատասխանատուները պետք է լիակատար պատասխանատվության կանչվեն և դատապարտվեն՝ հումանիտար և մարդու իրավունքների՝ ազգային և միջազգային օրենքների համաձայն: Առանց հետաքննության, այս հաղորդումները կշարունակեն կողմերի միջև անվստահության և լարվածության աղբյուր լինել»։
Համազեկուցողներն իրենց այցելության ընթացքում նաև բանակցություններ են վարել կոռուպցիայի դեմ ընթացող պայքարի մասին, որը շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանի համար: Նրանք ողջունել են այն փաստը, որ նոր օրենսդրական նախագիծ է ներկայացվել, որը թույլ կտա Էթիկայի հանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ պատգամավորների և կառավարության անդամների նկատմամբ, ովքեր չեն գրանցի, դիտավորյալ սխալ տեղեկություն կտան իրենց ունեցվածքի, նվերների կամ շահերի բախման մասին։ Միևնույն ժամանակ, համազեկուցողները կոչ են արել իշխանություններին մեծացնել այն պաշտոնյաների շրջանակը, որոնց ունեցվածքը կամ շահերի բախումը քննության առարկա կդառնա էթիկայի հանձնաժողովում:
Համազեկուցողները հունիսին տեղեկատվություն կպատրաստեն Մոնիտորինգի հանձնաժողովի համար մայիսի 11-ից 12-ը Հայաստան կատարած այցի մասին: Նրանք ծրագրում են Հայաստան այցելել նաև աշնանը: