Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանցից որ մեկը մոտենում էր ինձ, ասում էր՝ ինչ լավ է, որ եկաք». Նիկոլայ Ծատուրյան

Մայիս 23,2016 21:20

«Պատանիների տարածություն» անկախ թատրոնների միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացրած Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հաղթող են ճանաչվել միանգամից մի քանի անվանակարգերում:

Արդեն 7-րդ անգամ անցկացվող ամենամյա փառատոնը կայացել է մայիսի 5-12-ը Սոչիում: Հայ ուսանողները ներկայացրել են «Դեպի տուն» 2 գործողությամբ պիեսը, որի հեղինակը Լյուդմիլա Ռազումովսկայան է, բեմադրիչը՝ Կարապետ Բալյանը, բեմանկարիչը՝ Մարիամ Մուրադյանը:

«Լավագույն դրամատիկ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Խոսրով Նալբանդյանն ու Արթուր Հակոբյանը, «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում՝ Լիլիթ Բադանյանը: «Լավագույն դերասանական կազմ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում ևս առաջինը հայկական պատվիրակությունն է: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ փառատոնի կողմից դիպլոմ է ստացել՝ «Ազգային թատրոնի ավանդույթները պահպանելու համար»:

«Ներկայացումը որբերի մասին է: Տարբեր ճակատագրերով, տարբեր բնավորություններով, տարբեր տներից դուրս եկած մի քանի երեխաներ են, որոնց բախտը մի նկուղում է հավաքել: Ներկայացվում են նրանց փոխհարաբերությունները, հատկապես սերը, որը հաճախ պակասում է ամեն ինչով ապահովված մարդկանց, բայց որն ունեն, թերևս, դաստիարակություն չստացած այս երեխաները»,- «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց բեմադրիչը՝ Կարապետ Բալյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Դեպի տուն» ներկայացման մեջ երեխաներից ամեն մեկն իր մենախոսությունն ունի, որից պարզ է դառնում նրա պատմությունը: Մեկի մայրն է մահացել ծննդաբերության ժամանակ, մյուսին մայրն է տարել որբանոց, երրորդին խորթ հայրն է ծեծել, որի պատճառով հեռացել է տանից և այլն:

«Ես շատ եմ զարմանում, երբ Հայաստանում ինձ հարցնում են՝ որքանով է որբերի թեման արդիական: Ես միայն ուրախ կլինեի, եթե այն արդիական չլիներ: Կամ տեղյակ չեն կամ էլ ուղղակի հարց են տալիս»,- ասաց Կ. Բալյանը:

Հայաստանն այս փառատոնին առաջին անգամ է մասնակցում: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ փառատոնի կազմակերպիչները, ըստ երևույթին, շատ են հավանել մեր ներկայացումը. «Նրանցից որ մեկը մոտենում էր ինձ, ասում էր՝ ինչ լավ է, որ եկաք: Դա ինչ-որ իմաստով նշանակում էր, որ փրկեցինք իրենց փառատոնը լավ ներկայացմամբ»,- ասաց Ն. Ծատուրյանը:

Նրան շատ է գրավել մրցույթ-փառատոնին մասնակցած երիտասարդների վերաբերմունքը միմյանց նկատմամբ. «Նրանք իրար հետ էին. այնպես էին ընդունում միմյանց աշխատանքները. իսկապես հավանում էին, աջակցում իրար: Շատ հուզիչ էր այդ ամենը: Աշխարհը շատ է դաժանացել, տեսնում ենք՝ ինչեր են կատարվում: Այսպիսի փառատոները մերձեցնում են երիտասարդներին, նրանք շփվում են միմյանց հետ: Դա շատ կարևոր բան է, որովհետև նրանք պիտի վաղը աշխարհը փրկեն»,- նշեց Ն. Ծատուրյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031