2015 թվականի ամռանը ադրբեջանցիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ավտոճանապարհի եզրին պաշտպանիչ հենապատ կառուցեցին: Մազամը գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին: Սպիտակ քարից կառուցված, երկար այդ պատը լավ տեսանելի է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան գյուղերից, սահմանամերձ տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհից:
Մազամ գյուղում եւ հարակից տարածքներում գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար գնդակոծվում է Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբերը: Ադրբեջանական գնդակոծության համար թիրախ է նաեւ Բերքաբեր մտնող ավտոճանապարհը: Սակայն այդ ավտոճանապարհի երկայնքով պաշտպանիչ պատ կառուցված չէ: Այդ ճանապարհը անբարեկարգ վիճակում է: Չնայած Բերքաբերի համայնքապետարանը ճանապարհը նորոգելու խնդրանքով դիմել է «վերեւներին», սակայն պետական բյուջեում այդ կարեւոր գործի համար գումարներ չեն ճարվում:
Պաշտպանիչ պատը խիստ անհրաժեշտ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդտեղ ավտոճանապարհը գտնվում է Ղուշչու-Այրում գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները: Նման դեպքեր շատ են եղել, վերջինը 2015թ. նոյեմբերի 5-ին էր, երբ ադրբեջանական զինուժը վնասեց ռուսական «ֆուռը»:
Կարդացեք նաև
Տվյալ ճանապարհով երթեւեկողներից շատերը, տեղանքին անծանոթ լինելով, չգիտեն, որ իրենք խիստ վտանգավոր տարածքով են անցնում: 1990-ական թվականներին անվտանգության նկատառումներով այդ ճանապարհի եզրին հողապատնեշ էր կառուցվել, սակայն չգիտես ում կողմից եւ ինչ պատճառով այն քանդեցին, եւ հիմա երթեւեկող ավտոմեքենաները թիրախ են : Եթե ֆինանսական միջոցներ չկան սույն ճանապարհի եզրին հենապատ կառուցելու համար, ապա գոնե հողակույտերով պատնեշ կարելի է սարքել: Այդ աշխատանքները հարկ է կատարել մառախլապատ օրերին, որպեսզի շինարարական տեխնիկան, բանվորները ադրբեջանական դիպուկահարների զոհ չդառնան:
2007 թվականից գործում է միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը: Սակայն այն ամբողջությամբ չի ապահովում այդ տարածքով երթեւեկելի անվտանգությունը, քանի որ շրջանցիկ ճանապարհի որոշ հատվածներ լավ տեսանելի են ադրբեջանական զինուժի համար: Բացի այդ, Բաղանիս գյուղի բարձունքում հողի սողանքի պատճառով շրջանցիկ ճանապարհը փլվում է: Նախատեսված է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ այս տարի սահմանագոտին շրջանցող ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն: Շուտով ամառ է, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Աստված Իր մեծ ողորմածությամբ եւ մեր սուրբերի անխոնջ բարեխոսությամբ է, որ շարունակում է պահել պահպանել մեր ժողովրդին, այլապես մեր մեջ բույն դրած կաշառեկերության, ստախոսության, ընչաքղցության եւ գողության պատճառով Հայաստան պետությունը որպես այդպիսին վաղուց դադարել էր գոյություն ունենալուց….