«Թալիշեցիները ե՞րբ կարող են վերադառնալ»,- այսօր խորհրդարանում լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Կարծում եմ,որ այդ հարցերը պետք է ուղղեք ԼՂՀ ղեկավարությանը»,- ասաց նախարարը`հավելելով. «Հիմա Թալիշում անվտանգ է»:
Նա նկատեց, որ բնակիչների վերադարձի համար համապատասխան պայմաններ պետք է ապահովվեն, իսկ այսօր ՊԲ-ն իր ստորաբաժանումներով այնտեղ ծառայություն է իրականացնում: Եվ քանի որ, ըստ նախարարի, հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են, ԼՂՀ ղեկավարության համար դա հնարավորություն է ստեղծում աշխատելու եւ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի մարդիկ վերադառնան:
Սեյրան Օհանյանն ասաց, որ դա իր խնդիրը չէ, ինքը պարզապես հնչած հարցին է պատասխանում, բայց կարծում է, որ ԼՂՀ ղեկավարությունն իրենից լավ է մտածում այդ մասին:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մեջ: Լրագրողներից մեկի այս դիտարկմանը Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմը կարծում եմ, առաջին հերթին պետք է պատասխան տա այն պատերազմական հանցագործությունների համար, այս ժամանակահատվածի համար ոչ հարիր, ահաբեկչական կազմակերպություններին հարիր հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից, ՊԲ-ի կողմից նույնիսկ ամեն հնարավորն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը հարվածի տակ չընկնի: Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ է բացահայտ»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ասաց նաեւ, որ հայկական կողմերի պաշտպանական գերատեսչություններն էլ մասնակցություն ունեն միջազգային ատյաններում ադրբեջանական կողմի գործողությունները ռազմական հանցագործություններ ճանաչելու գործընթացին. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ճիշտը ջրի երես դուրս գա»: Հաղթանակ տանելու հնարավորություն Սեյրան Օհանյանը տեսնում է:
Հարցին`տեղեկություն կա, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերադառնում է Հայաստան. Իր փորձը նկատի ունենալով նա կարո՞ղ է օգտակար լինել, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ, որ ՀՀ եւ Արցախի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է փորձի իր ունակություններն ու փորձը ներդնել մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Եթե կան ցանկացողներ, որ գան, ներդնեն դժվար իրավիճակներում, կամավորական շարժման ժամանակ, երբեք ոչ ոք չի խոչընդոտի»: Մինչ այժմ Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի հետ որեւէ կապի մեջ չի եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ