Այն, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, միջազգային հանրությանը հայտնի է ամիսներ առաջ: Այս կապակցությամբ գերմանահայերը որոշակի միջոցառումներ են անցկացրել և շարունակում անցկացնել, որոնց կիզակետը, սակայն ապրիլ 24-յան հավաքներն են:
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում գործում են ամենատարբեր բնույթի հայկական կառույցներ: Նրանց կատարած աշխատանքը «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» 156-ամյա միության նախագահ Ազատ Օրդուխանյանը անբավարար է գնահատում:
Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ հայկական համայնքներն այստեղ` Գերմանիայում, Հայոց Ցեղասպանության հարցը միջազգայնացնելու պատկերացումը կարծես թե չունեն, նրանք միայն համախմբվում են կոնկրետ ապրիլի 24-ին ու մի քանի մանր-մունր միջոցառումներ: Սա տեղի չունեցածի պես մի բան է նա համարում: «Գերմանացին այնքան ցույց է տեսնում, որ…»:
«Այս տարի ցեղասպանության վերաբերյալ միջոցառումները չափազանց քիչ էին, իմ գնահատմամբ անցած տարի էլ էր թույլ, անբավարար էր ընդհանուր մակարդակը, ընդհանուր աշխատանքը, եթե մենք հունիսի 2-ին սպասում ենք լուրջ որոշման, պետք է դրանից առաջ լուրջ աշխատանք կատարեինք և կատարենք ամեն օր: Բոխումում, նաև այլ քաղաքներում մենք տարաբնույթ միջոցառումներ ենք անում: Ապրիլի 24-ին մեր միությունն օրինակ` միշտ դահլիճային ծրագրեր էր անում: Հիմա ամեն տարի ուզում ենք պայքարի նոր ձևաչափեր ընտրել և այս տարի առաջին անգամ դրսում արեցինք: Բոխումում հայ չկա, հավաքվել էին մոտ 250 հոգի: Քաղաքային այգու հայկական պուրակում ցեղասպանության և հայրենազրկման կապակցությամբ Կապանից բերված հայկական սոսի տնկեցինք` մեռելներին իբրև խաչ ես այս ծառը տնկեցի նշանաբանով: Քաղաքապետարանի մոտ եռագույն փուչիկներից կախված, պոլիէթիլենային տոպրակի մեջ բաց թողեցինք Հայոց Ցեղասպանության մասին տեղեկություններ մեր հասցեով, որոնք մի քանի օրից կընկնեն մարդկանց բակերում, փողոցներում և այլն»,- պատմում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Իսկ ելույթները, որոնք տեղի են ունեցել, հիմնականում այն մասին, թե ինչու է հայը այստեղ և ոչ իր տանը` Էրզրումում, Մուշում, Վանում և այլուր, որպեսզի անտեղյակ գերմանացին իմանա:
«Հունիսի 2-ին, ովքեր որ պիտի քվեարկեն, նրանցից շատերի հետ մենք 20 տարի շարունակ աշխատել ենք, մեր բեմերում նրանք ելույթ ենք ունեցել, հաճախ Ֆրանկֆուրտի Պաուլս եկեղեցում, որը Գերմանիայի դեմոկրատիայի սիմվոլն է համարվում: Բեռլինի երկու համայնքները ևս բավական աշխատանք արել են, բայց ընդհանուր առմամբ շատ քիչ է: Ցեղասպանության ճանաչման համար պետք է աշխատել ողջ տարին, դա միայն ապրիլ ամսվա աշխատանքով չի վերջանում, իմ կարծիքով, Գերմանիայի հայկական համայնքները թերացել են հիմնականում մամուլի և պատգամավորների հետ աշխատանքում: Գոնե այս վերջին կարճ ժամանակահատվածը կարողանանք օգտագործել ու ակտիվանանք, որ ձայների մեծամասնություն ստանանք»,- կարծում է Ազատ Օրդուխանյանը` հավելելով. «Պատգամավորի հետ հանդիպման համար գումար հարկավոր չի, իրենք ունեն հանդիպման ժամեր: Հարկավոր է ընդամենը ժամադրությունը նախապես գրանցել ու գնալ քննարկել նրանց տեսակետը հունիսի 2-ի վերաբերյալ, որ այդ օրը Բունդեսթագ եկող պատգամավորը արդեն քաջատեղյակ լինի և պատասխանատու քաղաքացիների առաջ»:
Գայանե Առաքելյան, Բեռլին