«Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է: Վերջին երեք օրերին կրակոցների թիվը մինիմալ է եղել, նույնիսկ երկու տասնյակի է հասել: Կարծում եմ, ՊԲ ողջ անձնակազմը եւ ՀՀ սահմանին կանգնած զորամիավորումների զինծառայողները տիրապետում են իրավիճակին: Ես շաբաթ օրը եղել եմ ԼՂՀ-ում, անցել եմ սահմանով եւ տեսել եմ, որ եւ մարտական ոգին եւ տրամադրությունը, անվտանգության ուղղությամբ կատարվող աշխատանքները, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող միջոցառումները տեղին են իրականացվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդարանում փակ նիստով այսօր քննարկվեց նաեւ ՊՆ-ի 2015 թվականի բյուջեի կատարողականը: Սեյրան Oհանյանն ասաց, որ 2015-ի բյուջեն ընթացիկ ծախսերի եւ կապիտալ ներդրումների առումով կատարվել է այնքանով, որքանով պետությունը հատկացումների հնարավորություն է ունեցել: Մարտական կարողությունների ավելացման ուղղությամբ հավելյալ միջոցներ էլ են ձեռնարկվում:
«Ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ, մեր իրականության մեջ, յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր խնդիրներով եւ պարտականություններով: Կարծում եմ, որ հասկանալի է, չէ՞, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են: Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը, անհրաժեշտության դեպքում կրակային խոցման անհրաժեշտության բոլոր նախաձեռնությունները ՊԲ ստորաբաժանումների մոտ են»,- ասաց Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե այս օրերին շատ է քննադատվում նախագահ Սարգսյանի արտահայտած այն միտքը, որ կորցրած 800 հեկտարը ռազմավարական նշանակություն չունեցող հողեր են, մինչդեռ տեսակետ կա, որ դա նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացող Մարտակերտի տարածքից է:
Դիրքերի տեղաշարժը, ըստ Սեյրան Օհանյանի, մեզ երբեւիցե չպետք է վախեցնի պաշտպանողական կամ հարձակողական խնդիրների լիարժեք իրականացման գործում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ