«Փետրվարի վերջին, մի ցուրտ առավոտ,Անդրանիկի գնդին ռազմաճակատ ճանապարհելու համար Թիֆլիսի երկաթուղային կայարանում մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին նաեւ Ազգային խորհրդից Ավետիս Ահարոնյանը, Սամսոն Հարությունյանը, Արեւմտահայ ապահովության խորհրդից՝ Վահան Փափազյանը, Ավետիս Թերգիբաշյանը եւ Պարույր Լեւոնյանը: … Անդրանիկը մտնում է զինվորական շարքերի մեջ եւ դուրս բերում հազիվ տասներեքամյա,սիրուն մի պատանու, որի ձեռքերը կորած էին զինվորական վերարկուի թեւքերի,իսկ ոտքերն էլ՝շալվարի երկարության մեջ: Անդրանիկը, պատանու թեւքը ձեռքի մեջ, շարունակում է.
-Ես ինչպես իմ արյունը թափելու չգնամ, երբ այս տղան, որի հագուստը երեք անգամ ձեռքովս հանել եմ վրայից, ահա, չորրորդ անգամը լինելով, հնարը գտել՝ նորից հագել, հրացանը ձեռքն է առել եւ գնում է իր արյունը թափելու:
Հուզական սարսուռ է անցնում բոլոր ներկաների վրայով: Պարույր Լեւոնյանը սկսում է երեխայի նման հոնգուր-հոնգուր լացել՝ արցունքի տաք շիթեր թափելով:
-Գնա, տղաս,-շարունակեց Անդրանիկը՝ պատանու թեւքը թողնելով:
Կարդացեք նաև
-Գնա, քո հագուստդ այս անգամ վրայիցդ չպիտի հանեմ: Հրացանդ լավ բռնիր: Հոգուդ քաջությունը թող լրացնի տարիքիդ պակասը»:
Սա մի հատված է գրող, լրագրող Ռուբեն Սիմոնյանի «Մասունքներ (պատումներ») գրքից, որը նվիրված է Զորավար Անդրանիկի 150-ամյակին : Գիրքը լույս է տեսել 2015թ., «Նոյյան տապան» տպագրատանը: Ռ. Սիմոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում ՝ Տավուշի մարզի եւ հայրենի Իջեւանի տարածաշրջանի բնակավայրերի մասին պատմող «Տավուշի մարզ», «Կիրանց», «Լուսաձոր», «Ենոքավան», «Մելիք գյուղ-Ծաղկավան» եւ այլն:
Նա 2006թ. հրատարակել է «Անդրանիկ: Սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը: 2014-ին «Նոյյան տապան» տպագրատանը լույս է տեսել գրքի ռուսերեն թարգմանությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ