Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Մայիս 23,2016 17:55

Մայիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այս օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Մայր Աթոռից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց Սուրբ Հռիփսիմե վանք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կրելով սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը, նահատակ կույսի մասունքով օրհնում էր բարեպաշտ ժողովրդին: Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Նորին Սրբությունը սրբազան Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և բազում հավատացյալներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Ս. Հռիփսիմյանց նահատակության պատմությանը և նշանակությանը Հայաստանում քրիստոնեության տարածման գործում:

2
«Հռիփսիմյանց կույսերի անկոտրում կամքը նրանց առաջնորդեց դեպի երկնքի արքայության լուսավոր թագն ու պսակը, որի վկայությունն այսօր Տիրոջ այս զորավոր տաճարն է` մեկ ու կես հազարամյակից ավելի նվիրական ուխտատեղին մեր ողջ հայ ժողովրդի, որը նույնպես մեծ դժվարությունների ու փորձությունների գնով իր սրտում պահում է ճշմարիտ ու լուսավոր հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր արարիչ Աստծու: Եվ այստեղ ոչ միայն մեր ժողովուրդը, այլ նաև ողջ աշխարհի քրիստոնյա ազգերը գալով իրենց աղոթքն են առ Աստված բարձրացնում՝ խնդրելով սուրբ Հռիփսիմյանց բարեխոսությունը»,- նշեց Հայր Մատթեոսն իր խոսքում:

1
Հայր Մատթեոսը ընդգծեց, որ Ս. Հռիփսիմյանց նահատակության խորհուրդն ու օրինակն այժմեական են, քանզի միշտ էլ քրիստոնյաներն իրենց հավատքի համար հալածվել են, չարչարանքների ենթարկվել և նահատակվել: Նա հաստատեց, որ այսօրվա աշխարհը նույնպես բազում մարտահրավերներ, դժվարություններ ու փորձություններ է հարուցում քրիստոնյաների համար:

Հայր Սուրբը հրավիրեց ուխտավորներին աղոթքով հայցելու Ս. Հռիփսիմյանց բարեխոսությունը, որպեսզի Տերն այս դժվարին օրերին մեր ժողովրդին ուժ և կարողություն պարգևի, ինչպես դարերի ընթացքում, այնպես և այսօր քրիստոնեական լույս հավատքը հաստատուն պահի` հակառակորդի բոլոր փորձությունները հետ մղելու ու անսասան պահել մեր երկրի սահմանները և միշտ պայծառ` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Տոնական արարողություններին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, հոգևոր հովիվների գլխավորությամբ տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031