Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը, որի անունը վերջին տարիներին շոշափվում էր որդու` Ռոբերտ Երիցյանի կրիմինալ պատմությունների շրջանակներում, ինքն է հայտնվել նման մի պատմության մեջ:
Aravot.am-ի տեղեկություններով, պարոն Երիցյանը վաճառել է բիզնեսներից մեկը, որի դիմաց նրան վճարել են կես գումարը` մյուս կեսը տալու պայմանով, սակայն այդպես էլ չեն տվել:
Ինչպես պատմում են միջադեպից տեղյակ մարդիկ, մնացած գումարը ստանալու նպատակով Մոսկվայում գործարար Երիցյանը դիմել է քրեական հեղինակությունների ու նրանց հետ միասին գնացել պարտապանների հետ հանդիպման: Նրանք էլ իրենց հերթին են Ազատ ու Արամչո անուններով
քրեական հեղինակությունների բերել եւ, խմբերի միջեւ լուրջ ծեծկռտուք է սկսվել,
ինչի արդյունքում Ալբերտ Երիցյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:
Ներկայումս Ալբերտ Երիցյանը գտնվում է Հայաստանում եւ մտադիր է ավելի բարձր կարգավիճակով քրեական հեղինակության դիմել` մնացած կես գումարը հետ ստանալու համար:
«Բայց ես բիզնես ունե՞մ, որ վաճառեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցմանն ասաց Ալբերտ Երիցյանը. «Սուտ բաներ են խոսում, որքան կարելի է սուտ բաներ խոսել ու տարածել: Հոգնել ենք այդ ստերից, սուտ բաներ են տպում` այս ունենք, այն ունենք, խոսացողներին հարկավոր է ասել, հերի’ք է, ձեր սուտ հայտարարությունները պահեք ձեզ»:
Կարդացեք նաև
Առավոտ