Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով: Համայնքի միջոցներով ձեռքբերված ջրատար 2 մեքենաներն օգտագործվելու են թիկունքային ծառայության հետ կապված խնդիրները թեթևացնելու, մասնավորապես՝ խմելու ջուրը զինվորներին մատակարարելու համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափ աջակցություն են ցուցաբերում հայրենիքին:
«Այս մեկուկես ամսվա ընթացքում ողջ հայությունն Արցախի կողքին էր, և ամեն տեսակի աջակցություն իր դերակատարումն է ունեցել դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Այս տեսանկյունից, օրինակելի է նաև Իրկուտսկի հայության աջակցությունը, մանավանդ որ համայնքը հաշվի է առել մեր կարիքներն ու առաջնահերթությունները»,- ասել է Ա. Հարությունյանը: Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշել է, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը: Նրա խոսքով՝ հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է նաև զոհված զինծառայողների ընտանիքներին:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին