Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա. Մարդիկ դրական էին արձագանքում ստվարաթղթե հրասայլին

Մայիս 23,2016 16:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 23-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Մուրադ Վարձելյանը: Նա նշեց, որ դեկտեմբերի 9-ին հանդիպել է ամբաստանյալ Արտակ Գեւորգյանին, որը ստվարաթղթե հրասայլով իր ակցիան էր իրականացնում եւ միացել է նրան եւ իր ընկերներին: Այնուհետեւ շարժվել են Ազատության հրապարակով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովով դեպի Սահմանադրական դատարան եւ նախագահական, այնտեղից էլ Բաղրամյան պողոտայով վերադարձել են: Ինքն էլ Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում առանձնացել է խմբից: Եվ ԱԱԾ-ի շենքի դիմաց կատարվածը տեսել է միայն տեսանյութով:

Մուրադ Վարձելյանը հայտնեց, որ նախագահականի դիմաց իրենց մոտեցել են ավտոտեսուչները, սակայն կոնկրետ չի հիշում, թե ինչ են ասել: Նա նշեց, որ մարդիկ դրական էին արձագանքում նման նախաձեռնությանը, նույնիսկ ոմանք նկարվում էին իրենց հետ:

Դատավորը հետաքրքրվեց, թե վկայի կարծիքով, ինչո՞ւ էր ամբաստանյալը նման բողոքի ակցիա կատարում, Մուրադ Վարձելյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Արտակ Գեւորգյանը դեմ է ապօրինի իշխանություններին:

Դատական նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր մեկ այլ վկա՝ Արման Ղարիբյանը, սակայն վերջինս ծանուցված չէր, եւ դատախազ Սիմոնյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, որպեսզի հաջորդ դատական նիստի ընթացքում նրա ներկայությունը ապահովվի: Արտակ Գեւորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հորդորեց հրաժարվել վկային պարտադիր դատարան բերելու ցանկությունից եւ անցնել այլ ապացույցների քննությանը: Սակայն, դատախազը պնդեց իր միջնորդությունը, Տիգրան Սաֆարյանն էլ առարկեց՝ պատճառաբանելով, որ պետք է ժամանակը խնայել: Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031