Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցավ երկրի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որի ընթացքում էլ հայտարարվեց նոր վարչապետի` Բինալի Յըլդըրըմի անունը: Նա ղեկավարելու է կուսակցությունը եւ կազմելու է նոր կառավարություն:
«Իրականում կուսակցությունը շարունակելու է մնալ Էրդողանի ազդեցության ներքո, թեեւ թուրքական օրենքները նախագահին արգելում են առնչություն ունենալ քաղաքական կուսակցությունների հետ: Իսկ թե ինչու փոխարինեցին Դավութօղլուին, խնդիրն այն է, որ Դավութօղլուն սկսել էր հեղինակություն կուտակել, փորձում էր ԵՄ-ի հետ ինքնուրույն հարաբերություններ վարել, ինչը չէր կարող աննկատ մնալ Էրդողանի համար, որն էլ փորձում է իր իշխանությունը պահպանել: Հավանական մրցակցից ազատվելու համար նա հեռացրեց Դավութօղլուին` վերահաստատելով այն, որ կուսակցության ղեկն իր ձեռքում է»,-այսօր` մայիսի 23-ին, «Զարկերակ» մամուլի ակումբում Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ Թուրքիայի իշխող կուսակցությունում չեն էլ թաքցրել, որ նոր վարչապետը` երկրի տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը, գործելու է Էրդողանի ստվերում, ավելի հնազանդ է լինելու նրան. «Յըլդըրըմը Էրդողանի համար ամենահարմար թեկնածուն էր եւ նրա ամենահավատարիմ մարկանցից մեկը: Նա կուսակցության նիստում Էրդողանին, այսպես ասած, հավատարմության երդում տվեց եւ հայտարարեց, որ առաջնահերթ նպաստելու է Թուրքիայի` նախագահական կառավարման ձեւին անցնելու գործընթացին: Դա այն է, ինչ Էրդողանն է ցանկանում»:
Կարդացեք նաև
Պետրոսյանի դիտարկմամբ` վարչապետի փոփոխությունից Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինելու, սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններում Թուրքիան կանցնի ավելի կոշտ գործելակերպի: Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիայում սպասվում է արտգործնախարարի փոփոխություն, սակայն եւ արտգործնախարարի, եւ նախկին վարչապետի պաշտոնանկության պարագայում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նույնն է մնալու նաեւ Հայաստանի մասով. «Սպասելի չէ, որ ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը սկզբունքորեն կփոխվի»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեն սպասվում. «Երկու կողմում էլ հակասություններ կան, որոնք թույլ չեն տալիս դրական քայլեր ձեռնարկել»:
Պետրոսյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունները, թե Թուրքիայում հայկական կազմակերպությունների հիմնումը, եկեղեցիների վերանորոգման մասին նախաձեռնություններն իբր պայմանավորված են հայերի հանդեպ ավելի բարյացակամ վերաբերմունքով: Իրանակում, ըստ Գեւորգ Պետրոսյանի, վերջին տարիներին Էրդողանի «բարյացակամ» քաղաքականությունը նպատակ ունի քրդերին հիշեցնել, որ քրդաբնակ տարածքներում միայն իրենք չեն բնակվում. «Այդպես փորձում են քրդական ազգայնամոլության դեմ պայքարել` ընդգծելով, որ այդ տարածքներում կան այլ էթնիկ-կրոնական խմբեր եւ պատմամշակութային ժառանգություն, որը քրդական չէ»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ