Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ԱՊՀ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային

Մայիս 23,2016 17:00

Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ, քանի որ մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, Աշխատանքի եւ այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Բնութագրելով ներկայիս ժամանակաշրջանի կարեւոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված եւ ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մի շարք ազգային պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Հնչած բազմաթիվ հարցերի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողների կողմից հարց է ուղղվել Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումների շուրջ, որին ի պատասխան՝ Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային կորուստների:
Իր խոսքում տիկին Նաղդալյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացահայտվեցին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի, ստանձնած միջազգային բազմաթիվ պարտավորությունների աղաղակող խախտումները՝ ընդգծելով հատկապես 1994-95 թվականներին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված, որը պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան համաձայնագիր:

Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է ապրիլյան քառօրյա ագրեսիայից հետո՝ ապրիլի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որի ժամանակ ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ՝ պայմանավորվածություն այն մասին, որ պետք է քայլեր ձեռնարկվեն 94-95թթ. ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրերի կատարման մշտադիտարկման ուղղությամբ եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին:
«Սա հենց այն է, որի շուրջ երկար տարիներ պնդել է հայկական կողմը, եւ որից նույնքան երկար տարիներ հրաժարվել եւ մերժել է ադրբեջանական կողմը»,- շարունակելով իր խոսքը՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ թեեւ ներկայումս կան որոշակի հույսեր, եւ ձեւավորվել է կարծիք, թե Մինսկի խմբի համանախագահների կոչերը այս անգամ կյանքի կկոչվեն, սակայն Վիեննայում կայացած հանդիպումների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի կողմից հայտարարություն հնչեց, որը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը նորից քայլեր է անում դեպի այդ պայմանավորվածությունների դրժում:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի այն տեսակետը, որ նման պարագայում խիստ կարեւոր է միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների հետեւողական, հստակ եւ հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք եւ հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն եւ նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը:

Լրագրողների կողմից հարց է հնչել նաեւ ԱՊՀ ԽՎ 44-րդ նիստի ընթացքում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Իլկա Կաներվայի ելույթի առնչությամբ, որտեղ նա, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծել է, որ կոնֆլիկտները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն, խնդիրը չունի ռազմական լուծում, եւ կարգավորման միակ ուղին բանակցային ճանապարհն է:
Հերմինե Նաղդալյանը այս հայտարարությունը կարեւորել է նախ այն առումով, որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի կողմից եւս մեկ անգամ հնչեցվել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը, եւ որ այն հնչել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ մի վեհաժողովի, որն իր մասնակցությունն է ունեցել 94թ. Բիշքեկյան համաձայնագրի ստորագրմանը:
Եվ այդ իմաստով շատ տեղին է, որ միջխորհրդարանական այս վեհաժողովը նաեւ այսօր սատար կանգնի եւ զարգացնի այն համաձայնագրերը, որոնք իր ջանքերով ժամանակին ձեռք են բերվել:

Ասուլիսում ընթացող հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը վերահաստատել է ադրբեջանական կողմի հանձնառությունը՝ հակամարտության լուծումը տանելու Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հայտարարելով, որ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենք հանձնառու են եւ լիահույս, որ դրանք կաշխատեն, եւ հունիսյան հանդիպումը արդյունավետ կլինի, սակայն չհապաղելով եւս մեկ անգամ հնչեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իրենց մշտական թեզը:
Այս համատեքստում բավական զավեշտալի իրադրություն է տեղի ունեցել, քանի որ ադրբեջանցու ելույթից անմիջապես հետո լրագրողները դիմել են տիկին Մատվիենկոյին Ղրիմի հանրաքվեին եւ Ռուսաստանի վրա կիրառած սանկցիաներին առնչվող հարցով` այդպիսով նոնսենս իրավիճակ ստեղծելով` երբ Ղարաբաղի հետ կապված խնդրում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից տարածքային ամբողջականության մասին է խոսք գնում, ինչից անմիջապես հետո բարձրացվում է Ղրիմին առնչվող հարցը.
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն, բավական երկար զրուցելով` միասին լքել են ասուլիսի դահլիճը, իսկ լրագրողների հարցմանն ի պատասխան՝ նշել, որ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031