Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ Հովնանյաններից գնել ՀՀ առաջին հանրապետության կառավարության շենքը». Գեւորգ Մելքոնյան (Տեսանյութ)

Մայիս 23,2016 16:11

«Մայիսյան հերոսամարտերից 98 տարի է անցել, բայց հայության համար մարտահրավերները չեն փոխվել: Եթե 1918թ. Ադրբեջանը տարածքային հավակնություններ ուներ Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ, ապա այսօր ունի նաեւ մեր մայրաքաղաքի նկատմամբ, ինչն Ադրբեջանի նախագահի մակարդակով հայտարարվում է»,-այսօր` մայիսի 23-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով 1918թ. մայիսյան երոսամարտերի մասին, ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը:

«1918թ. Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում հայկական բանակը տարավ փայլուն հաղթանակներ, բայց երկու տարի անց հրաժարվեց կռվել Կարսում եւ Կարսը հանձնեց: Սա դաս էր, որ ռազմաքաղաքական հաղթանակները պետք է տարածվեն նաեւ երկրի ներքին կյանքում, ինչպես եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ` կամավորների եւ ժողովրդի միասնականությամբ: 1918թ. ցեղասպանություն ապրած ժողովուրդն արագ մոբիլիզացվեց: Ցավոք, մեզ չհաջողվեց մայիսյան հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ասպարեզներում, նույնը կարելի է ասել նաեւ 1994թ. Արցախյան պատերազմի հաղթանակների մասին: Այդ ժամանակ ունեցանք ոչինչ չասող զինադադար, որն ամեն օր խախտվում է: Ապրիլյան դեպքերի ժամանակ մեզ նաեւ չհաջողվեց ամրապնդել թեզը, որ ագրեսիան իրականացվել է Ադրբեջանի կողմից»,-նկատեց Մելքոնյանը:

Նա հիշեցրեց, որ երկու տարի անց լրանում է մայիսյան հերոսամարտերի հարյուր ամյակը եւ ասաց, որ ՀՀ կառավարությանն առաջարկում է գնել Հովնանյան ընտանիքին պատկանող ՀՀ առաջին հանրապետության կառավարության շենքը եւ դրանում հիմնել ՀՀ առաջին հանրապետության թանգարան. «Ասում ենք, որ մենք աշխարհի հնագույն պետությունն ենք, բայց ամոթ է, որ աշխարհի հնագույն պետությունը չունի առաջին հանրապետության թանգարան: Նման թանգարան գոյություն ունի Ադրբեջանում եւ միջինասիական երկրներում: Քանի դեռ այս խնդիրը չենք լուծել, մայիսյան հաղթանակները մեզանում չեն ամրապնդվելու»:

Գեւորգ Մելքոնյանն անդրադարձավ նաեւ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  հանդիպմանը` ասելով, որ Հայաստանի հասարակության զգալի մասը եւ փորձագիտական շրջանակները Վիեննայից լուրջ ակնկալիքներ չեն ունեցել. «Նախագահն ասաց, որ չի վստահում Ադրբեջանի այն հայտարարությանը, որ վերջինս չի վերսկսելու ռազմական գործողությունները: Այդ հանդիպումն ուղղակի նպատակ ուներ կողմերին նստեցնել սեղանի շուրջը: Այն ավելի շատ անհրաժեշտ էր Մինսկի խմբին: Ակնկալել, որ այդ հանդիպումից հետո քաղաքական լուրջ փոփոխություններ կլինեն, միամտություն է:

Ադրբեջանը խնդրի ռազմական ճանապարհով կարգավորման ուղին է տեսնում: Այդ մասին հնչում է ոչ միայն Ադրբեջանի քաղաքական էլիտայի, այլեւ հանրապետության ղեկավարի կողմից: Ցավոք, վերջին տարիներին մեր փորձագետները փորձում էին հասարակությանը համոզել, որ Ադրբեջանը չի գնա ռազմական գործողությունների, բայց տեղի ունեցան ապրիլյան դեպքերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031