Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի պրոֆեսոր. «Չեմ ուզում, որ Գալանտերյանը մնա 20-րդ դարում»

Մայիս 23,2016 16:06

Մայիսի 24-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա «Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյանը» խորագրով համերգը: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 135-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, որը նաեւ ներկայացնելու է կոմպոզիտորի ճանաչված ու անծանոթ երգերի նոր մշակումներ՝ նշեց. «Գալանտերյանն իր մեղեդիները ստեղծագործել է 20-րդ դարի սկզբում, իր մեղեդիները գրել է առանց նվագակցության: Նա ընկերական շրջապատում գրում էր այդ հիանալի մեղեդիները, որոնք ունեն այնպիսի՜ որակ, անկեղծություն, խորին մարդկայնություն: Ինքը խորը փիլիսոփայական գաղափարներն այնպիսի պարզությամբ է արտահայտում, եւ գուցե հենց դա է պատճառը, որ իր մրմունջները մինչեւ հիմա անտարբեր չեն թողնում որեւէ մեկին: Գալանտերյանը կյանքի բեմում չկարողացավ ստանալ լիարժեք պրոֆեսիոնալ կրթություն: Մեզ էլ բնագրով հասել է 3 հատոր իր մեղեդիներից՝ առանց նվագակցության, որոնք պահվում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտում: Իմիջիայլոց, երբ Հովհաննես Բադալյանը ժամանակին ծանոթացրեց ունկնդրին Գալանտերյանի ստեղծագործությունների հետ, ունկնդիրները ծանոթացան զուտ գործիքային մշակումների հետ: Ստեղծագործությունները մեծ մասամբ կատարում էին ժողովրդական երգիչները՝ Բելլա Դարբինյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, իսկ դաշնամուրային լիարժեք մշակումների օրինակներ չենք ունեցել»:

Տիկին Սարգսյանը նշեց, որ կան որոշ մշակումներ էլ, որոնք լիարժեք չեն ներկայացնում Գալանտերյանի մեղեդիները: Նրա ձեւակերպմամբ, տվյալ պարագայում, քանի որ դաշնամուրային երաժշտությունը թերի է, ամեն դաշնակահար իրեն իրավունք է վերապահում իմպրովիզներ անել, ինչի արդյունքում Գալանտերյանի հիանալի մրմունջները սիրողական մակարդակից չեն բարձրանում: Կոնսերվատորիայի պրոֆեսորը խոսելով մասնավորապես «Ծիրանավառ գիշերների» մեղեդու մասին, ասաց, որ այն ազդակ է եղել, որպեսզի այնպիսի մշակումներ անի, այնպիսի ձեւաչափի մեջ դնի մեղեդին, որ Գալանտերյանը չմնա 20-րդ դարում, եւ սիրով կատարվի նաեւ 21-րդ դարում:

Բարիտոն Անդրանիկ Մալխասյանը եւս առանձնացրեց մասնավորապես «Ծիրանավառ գիշերները», որով էլ սկսվելու է համերգը: «Գալանտերյանը հայտնի է ժողովրդի մեջ, երգեր կան, որ մարդիկ լսում, կատարում են, բայց չգիտեն, որ դա Գալանտերյանն է ստեղծագործել: Կան մրմունջներ, որոնք փակված են եղել սնդուկում եւ չեն կատարվել մինչ այսօր»,-ասաց նա: Ինչ վերաբերում է «Ծիրանավառ գիշերներին», դա նրա բնորոշմամբ, տիպիկ Գալանտերյանական է, որը երբեք անտարբեր չի թողել ունկնդրին, որտեղ էլ կատարվել է:

Հազարի հասնող իր ստեղծագործությունները Նիկոլ Գալանտերյանը «հույսերի եւ հույզերի մրմունջներ» էր կոչում: Մարգարիտ Սարգսյանը բնագրերից օգտվելով՝ մշակել է ավելի քան երկու տասնյակ ստեղծագործություն, որոնցից շատերը ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ: Հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Արմեն Մանուկյանը (ջութակ):

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031