Այսօր խորհրդարանում մեկնարկել են 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի պատգամավորներն առաջարկում են, որպեսզի գերատեսչությունների ղեկավարներն իրենց «սրբազան ժամանակից» մեկ ժամ էլ հատկացնեն պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
«Անհարգալից կլիներ, եթե բոլորս դուրս գայինք եւ այստեղ գային մեր փորձագետները: Ես հիմա դուրս կգամ եւ իմ փորձագետին կուղարկեմ»,- ասաց տիկին Զոհրաբյանը եւ փորձեց դուրս գալ:
Նիստը վարող ՀՀ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հորդորեց Նաիրա Զոհրաբյանին`հարցի պատասխանը լսել, նոր լքել դահլիճը: Հետո բացատրեց, որ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ սա կառավարության իրավասության հարց է եւ կառավարության ղեկավարն անձամբ է որոշում` ո՞ւմ լիազորել բյուջեի կատարողականը պատգամավորներին ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Իսկ ԱԻՆ ներկայացուցիչ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն էլ հավելեց, որ նախարար Արմեն Երիցյանը պաշտոնական արձակուրդում է գտնվում. «Նրան ես եմ փոխարինում»:
«Ես էլ եմ պաշտոնական արձակուրդում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն ու լքեց քննարկումների սենյակը:
Մինչ այդ, Հայկարամ Մխիթարյանը տվյալներ էր ներկայացրել, համաձայն որոնց, տնտեսման արդյունքում ընդհանուր առմամբ ԱԻՆ-ը բյուջե է վերադարձրել գերատեսչությանը տրամադրված գումարից 0,8 տոկոսի չափով գումար: Դրանից մոտ երկու միլիոնը այլընտրանքային ծառայության մասով: Պայմանագրեր չեն կնքվել:
Գերակայություններից փոխնախարարն առանձնացրեց այն, որ ՀՀ ԱԻՆ-ը դարձել է Միջազգային որոնողական փրկարարական թիմի անդամ, այլ միջազգային կառույցներ էլ կան, որոնց ՀՀ ԱԻՆ-ը մոտ օրերս կանդամակցի: Հակակարկտային նոր կայաններ են կառուցվել, դրանք էլի կհամալրվեն: Հանրապետության բոլոր մարզերում ունենք ճգնաժամային կառավարման կենտրոններ, նաեւ փրկարար ծառայության ստորաբաժանումներ, որոնք սահմանամերձ գոտում աշխատանքներ են տանում. հենակետեր են կառուցում հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում:
Փոխնախարարն ասաց, որ ունենք ստացիոնար կազմակերպված հենակետեր, բնակչության հետ բացատրողական աշխատանք է տարվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդիկ թաքստոցներում հանգրվանեն: Նաեւ 24 ժամյա հերթապահություն է սահմանված այդ հենակետերում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ