Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե եւ Նարեկ Ալեքսանյաններն ընդունեցին իրենց մեղքը՝ հանրաքվեի ընթացքում ընտրախախտման համար

Մայիս 23,2016 15:10

«Հետք» էլեկտրոնային կայքի լուսանկարչի գործով դատական նիստն այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց մեղադրող դատախազի միջնորդությամբ: Նա լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից՝ մեղադրական ճառով հանդես գալու համար: Դատական հաջորդ նիստը դատարանը նշանակեց վաղը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի լուսանկարչին՝ Նարեկ Ալեքսանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար:

Հանրաքվեի օրը, Նարեկ Ալեքսանյանը գալով տեղամաս ու տեսնելով, որ նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում իր փոխարեն այլ անձ արդեն ստորագրել և քվեարկել է, զանգահարել է իր հորեղբորը` Գերասիմ Ալեքսանյանին և տեղեկանալով, որ վերջինս քվեարկության չի մասնակցելու, թիվ 8/31 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Ալեքսանյանի օժանդակությամբ, քվեարկությանը մասնակցելու համար նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ստորագրել է այլ անձի` հորեղբոր` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն, վերջինիս անվան դիմաց, ստացել է քվեաթերթիկ և կատարել է քվեարկություն:

Լուսինե Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում հանդիսանալով հանձնաժողովի անդամ, տեղեկանալով, որ հորեղբոր որդին` Նարեկ Ալեքսանյանը, ցանկանում է այլ անձի` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն քվեարկել, օժանդակել է նրան այդ հարցում:

Բացի այդ, Լուսինե Ալեքսանյանն իմանալով, որ իր հորեղբոր որդի Արեգ Ալեքսանյանը գտնվում է ՌԴ-ում և քվեարկությանը չի մասնակցելու, վերջինիս անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալ և ստորագրել, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Լուսինե եւ Նարեկ Ալեքսանյաններն այսօր դատարանում ընդունեցին իրենց մեղքը եւ միջնորդեցին արագացված դատաքննություն իրականացնել:

Դատական նիստից հետո Նարեկ Ալեքսանյանը հրաժարվեց հարցերի պատասխանել, ասաց՝ դատավճռից հետո կմեկնաբանի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031