Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պաշտոնյա կա, որը բավարարվում է 2 մլն-ով իր ընտանիքը պահել, այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա». Արմեն Ալավերդյան

Մայիս 23,2016 14:53

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները ե՞րբ կտեսնենք՝ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան ասաց, որ պետք է նախ կոռուպցիայի առաջացման պատճառներն ուսումնասիրել. «Եթե պետական կառավարման համակարգը պաշտպանված չի սոցիալապես այն մակարդակից եւ այն աշխատավարձերը չի ստանում, որը հնարավորություն կտա իր անձնական կարիքները բավարարի, այդ ռիսկն անընդհատ լինելու է»:

Մեր դիտարկմանը, որ դա արդարացում է ընդամենը, որովհետեւ դատական համակարգում աշխատավարձերը բարձրացրին, կոռուպցիան կրճատվե՞ց՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ աշխատավարձը պատճառներից մեկն է. «Եթե բարձր վարձատրություն ստացողը կարող է գնալ այդ քայլին, ուրեմն պետք է այդ ոլորտում պատասխանատվությունն ավելի հասցեական դարձնենք»:

Դիտարկմանը, որ պետական պաշտոնյաները միլիոնավոր դոլարներ են հայտարարագրում, դա իրենց համար քի՞չ է՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Պետք է ուրախանանք, որ պետական պաշտոնյան հայտարարագրում է, որովհետեւ դա գնում է թափանցիկության: Վատն այն դեպքն է, երբ նա միլիոններ ունի ու ոչինչ չի հայտարարագրում»:

Հարցին՝ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե որտեղի՞ց պաշտոնյային այդքան գումար՝ պարոն Ալավերդյանն ասաց. «Առաջանում է: Մի մտածեք պաշտոնյան այնքան անմիտ է կամ անգրագետ է, որ հայտարարագրում է մեծ գումար ու դրա հիմքերը չունի: Հաստատ իմացեք, գոնե իրենց հաշվապահները հիմքեր ունեն այդ գումարի: Ես կոռուպցիան գտնում եմ ավելի շատ այնտեղ, որ պաշտոնյա կա ասենք, որը բավարարվում է 2 մլն-ով իր ընտանիքը պահել, ես գտնում եմ, որ այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա»:

Հարցին՝ ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ ո՞նց են պայքարում, հանձնարարականներ եղե՞լ են, ի՞նչ եք անում՝ նա պատասխանեց. «Պետական չինովնիկը միանշանակ պետք է պատրաստ լինի այդպիսի հարցեր եւ լսելու եւ դրանց տակից դուրս գալու: Օրինակ, ես ՊԵԿ-ում եմ աշխատում, պետք է իմանամ կոռուպցիայի պատճառը ո՞րն է: Պատճառներից մեկը վարձատրությունների մակարդակն է, հաջորդը՝ օրենսդրական անհստակությունը, որը չինովնիկին հնարավորություն է տալիս այլ կերպ մեկնաբանելու եւ հօգուտ հարկ վճարողի որոշումներ կայացնելու՝ դրա դիմաց ստանալով վարձատրություն»:

Ըստ ՊԵԿ պաշտոնյայի, մեր երկրում պատերազմական վիճակն էլ պետք է ստիպի կոռուպցիայով չզբաղվել, գոնե այս պահին չմտածել իրենց անձնական գրպանները լցնելու մասին, եթե հայրենասեր են. «Պատճառներ կան կոռուպցիայի: Տպավորություն է, որ եթե մենք որեւիցե մեկին դատենք, աշխատանքից ազատենք՝ հարցը կլուծվի»:

Լրագրողների դիտարկմանը, որ Չինաստանում դատում են՝ նա արձագանքեց. «Չինաստանում ոչ միայն դատում են, գլխատում են, 400 հազար մարդ էլ պատասխանատվության է ենթարկվել: Ես գիտեմ ինչ է կատարվում Չինաստանում եւ Հայաստանում: Եթե մենք տեսուչների աշխատավարձը բարձրացնենք, քիչ հնարավորություն տանք տնտեսվարողի հետ շփվելու՝ ֆոնը կփոխենք»:

Aravot.am-ի հարցին՝ կոռուպցիան վերեւից չի՞ գալիս, եթե մարդն իմանա, որ իր վերեւինը չի վերցնում ու այսպես ասած «չորով» այդ հարցը դնում է՝ նա համարձակություն կունենա՞ դա անել՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային»:

Հարցերին՝ կարելի՞ է Հովիկ Աբրահամյանից սկսել, Դուք բուրգի տակից եք սկսում՝ չի ստացվում, եթե բուրգի վերեւից սկսեք՝ ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Վերեւից ի՞նչ սկսեն, դուք ի՞նչ հիմքեր ունեք վերեւից ասելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Այս մարդու մոտ ճահիճ է առաջացել , որը իրեն մեկուսացրել է իրական կյանքից: Չի կարելի նույն պաշտոնում աշխատել տասնյակ տարիներ: Եթե այդպես է, ապա դա ամենամեծ կոռուպցիան է: Առավել ևս , որ համակարգում առաջընթաց չկա: Ամոթ է, գոնե դրանց նմանները չխոսեն, որոնք նպաստել են ամբողջ տնտեսության փոշիացմանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031