Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները դժգոհում են՝ ո՞ւր են գնում բանակի փողերը, որ զինվորի կոշիկներն ու համազգեստը ծնողներն են առնում

Մայիս 23,2016 16:00

Պաշտպանության նախարարությունը խոստանում է՝
եկող տարվանից զինվորները ավելի լավ որակի կոշիկներ կունենան

Ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան մարտական գործողություններից հետո մեր բանակի որոշ թերություններ ջրի երես դուրս եկան:

Բանակի հետ ով որեւէ առնչություն ունի, զինծառայող ունի, շատ լավ գիտի, թե ինչ որակի են զինվորների համազգեստը, կոշիկները, ներքնազգեստը:

«Առավոտի» հետ զրույցում մի քանի ծնողներ, որոնց որդիները ծառայության մեջ են, մեկ առ մեկ պատմում են, թե որքան գումար են ծախսում տղաների համազգեստի, ներքնաշորի, կոշիկների եւ անհրաժեշտ իրերի համար: Մայրերն ասում են, որ մինչեւ անգամ զուգարանի թուղթն են զորամաս ուղարկում. «Եթե բանակի համար միլիարդներ են ծախսում, այդ ի՞նչ են առնում, որ ծնողներն են իրենց զինվոր-տղաների համար համազգեստ, կոշիկ ու լիքը ուրիշ բաներ առնում: Բանակի համար միլիարդներ են ծախսում, բայց ստացվում է՝ ամեն ընտանիք ինքն իր փողով է պահում իր զինվորին»:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկն ասում է, որ երեւի երբեք չէր դժգոհի, եթե ապրիլյան պատերազմը չլիներ ու չբացահայտվեր, որ բանակի համար կատարվող շատ ծախսեր անարդյունավետ են. «Օրինակ՝ ես կարծում էի, որ զինվորների հագուկապի որակը լավը չէ, ես միշտ գնում եմ ու ուղարկում տղայիս համար, բայց դա անում էի՝ մտածելով, որ երեւի բանակի բյուջեի մեծ մասը զենքի վրա են ծախսում, ու դրա համար էլ ասենք՝ սապոգները, նասկիները, ներքնազգեստն ու այլ պարագաներ անորակն է առնում պետությունը»:

Զինվորների ծնողների պատմելով՝ ամենամեծ խնդիրը շարքային զինվորների երկարաճիտ կոշիկների որակն է. «Դրանք շատ շուտ՝ 2-3 ամսում պատռվում են: Էդ սապոգների մեջ էրեխեքի ոտքերը վառվում են, քոր են ընկնում, «Բորնի կիսլատայի» փոշի ենք առնում ուղարկում, որ սապոգների մեջ լցնեն, ոտքերին քսելու համար էլ՝ հակասեպտիկ «Տեյմուրովի մազ» ենք առնում՝ ուղարկում: Ես չեմ ուզում իմ երեխային էդ 2 տարվա ծառայության ընթացքում հիվանդություն կպնի: Ոտքերը խաշված տուն գա»:

Ծնողներն ասում են՝ եթե երկարաճիտ կոշիկները 3 ամիսը կամ որոշ ծնողներ՝ 6 ամիսը մեկ են ուղարկում իրենց որդիների համար, ապա ներքնազգեստը 2 ամիսը մեկ, այն էլ՝ մի ձեռք չէ, մի քանի հատ միանգամից են ուղարկում. «Էլ սապոգի «շնորուկ», էլ «մայկա-տրուսիկ», էլ սափրիչ ու սափրվելու փրփուր, օճառ, շամպուն, սրբիչ, «նասկի»: Զորամասում էս ամեն ինչը իրենց տալիս են, բայց շատ վատ որակի է. ասենք՝ իրենց տված օճառն ու սափրելու փրփուրն էնքան վատն են, որ տղայիս մոտ ալերգիա էր առաջացել: Ես գիտեմ շատ ծնողների, որ մեզ նման՝ էդ ամեն ինչն առնում՝ ուղարկում են: Որ զորամաս ենք գնում՝ տեսակցության, ծնողների հետ խոսում ենք, իրենք էլ նույն վիճակում են, ինչ մենք»:

Զինվորների մայրերն ասում են, որ համազգեստը շատ հաճախ չեն առնում, տարին 1-2 անգամ: Մայրերի խոսքերով՝ «Բանակում զինվոր պահելն ընտանիքի համար էժան բան չէ: Զինվորների համար բանակի ղեկավարությունը ոչ մի բան չպիտի ափսոսա ու իրենց զավակների պես լավ նայի ու գումարները հագուկապի, սննդի, քացրի, հիգիենիկ պարագաների համար չխնայի: Ամեն անգամ մոտ 30 հազար դրամի ծախս ենք անում՝ տղայիս մոտ բան ուղարկելու համար: Էլ չեմ ասում, որ հաշվեհամար ունի, հաճախ փող ենք ուղարկում հաշվին»:

Երկարաճիտ կոշիկների գները սեւ շուկայում 8000-9000 դրամ է, համազգեստը՝ 13-15 հազար դրամ: Վերնիսաժում, իհարկե, ոչ բացահայտ կերպով, այլ, այսպես ասած՝ «տակից» վաճառվում են ե՛ւ համազգեստ, ե՛ւ «սապոգներ» ու զինվորական ներքնազգեստ: Վաճառողուհին մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը համազգեստը ձեռք է բերում գործարանից, Արցախի բանակի համազգեստը ձեռք է բերում Արցախի ֆաբրիկայից, որը վաճառում է 15 հազար դրամով, իսկ հայկական բանակինը՝ 13 հազար դրամով: Իսկ ահա երկարաճիտ կոշիկների մասին վաճառողուհին ասում է. «Ամենաշատ ծախվող ապրանքն ա: Շատ են առնում, ու Աբովյանի գործարանինն են շատը ուզում, դա ավելի որակով ա, շուտ չի ճղվում, կարերը դիմացկուն են»: Վաճառողուհին ցուցադրելով կոշիկների տակի հատվածը՝ վստահեցնում է. «Տես, սրանց տակացուներն էլ որակով են, պինդ, հարմար:

Մենք «չաստից» համազգեստ ու «սապոգ» չունենք: «Չաստի» էդ ֆորմայի վրա «չաստի» «պեչատը» խփվում ա, եթե «չաստի» էդ «պեչատով» ֆորմա առնեն ու ուղարկեն, խոսակցություն կլինի»:

Ծնողներից մեկի ասելով էլ՝ իր որդին զորամասի, կնոջ խոսքերով ասած՝ տնտեսվարի մոտից երկարաճիտ կոշիկները գնել է 5000 դրամով. «Բայց ես որ ստեղից առնում էի՝ 9000 դրամ էր: Ախր, եթե ճղվել է էդ «սապոգը», ինչո՞ւ նորը չեն տալիս, որ զինվորը ստիպված ծնողից փող կամ նոր «սապոգ» է ուզում: Կամ, օրինակ, ատամի «պաստայի» եղածն ի՞նչ է, որ վատ որակինն են առնում բանակի համար: Ջահել էրեխեք են, ի՞նչ, 2 տարուց վնասված, սեւացած ատամներով գան, դրա համար էլ որակովն ենք առնում ուղարկում: «Մայկա-տրուսիկները» ոնց որ թղթից լինեն, իրենց տալիս են ոչ երկար ժամանակ հագնելու համար, դա չպիտի լվանան, գցում են, բայց որակն էնքան վատն է, որ երեխեքը մեզանից նորմալն են ուզում: Տղես ասում է՝ մամ, էդ «մայկան» որ հագնում եմ, ջանս քոր է գալիս: Էլ չեմ ասում, որ շուտ-շուտ սնունդ ենք ուղարկում, քաղցրեղեն, հա, բանակում սոված չեն մնում էրեխեքը, բայց որ ուզում են, ուրեմն մի բան էն չի: Դեղեր ենք շատ առնում ուղարկում, մրսածության, գլխացավի, գրիպի դեմ ու տարբեր բաների համար: Ասում եմ՝ տղա ջան, բա ձեր մոտ բուժկետ չկա՞, բա իրենք դեղեր չե՞ն տալիս, ասում է՝ մամ, դե կա, բայց չեն օգնում էդ դեղերը»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ մեր բանակի համազգեստը գուցե աշխարհի լավագույնը չէ, բրենդային հագուստ չէ, բայց որակը վատը չէ:

«Զինծառայողների հանդերձանքի որակի մասին բողոքներն անհիմն են: Իսկ կոշիկների մասին, այո, մենք ընդունել ենք, որ ինտենսիվ ռազմական իրավիճակում որակի խնդիրներ են ունեցել այդ կոշիկները: Հիմա մենք մատակարարին խիստ պայմաններ ենք դրել, պետք է բարելավվի դրանց որակը, եւ արդեն կա որոշում, որ եկող տարվանից ավելի լավ որակի կոշիկներ են մատակարարվելու: Համազգեստը շատ լավ որակի է, այդ նույն համազգեստը նաեւ սպաներն են հագնում: Իսկ ձմեռային համազգեստն իդեալական է»:

Հովհաննիսյանն ասում է, որ զինվորի՝ սրբիչից, ներքնազգեստից կամ հիգիենիկ պարագաներից այնքան էլ գոհ չլինելն ուղղակի տվյալ անձի մոտեցման, բնավորության խնդիր է, հնարավոր է եւ չհավանեն դրանք եւ ավելի լավն ուզեն. «Սրբիչները վաֆլե սրրբիչներ են, դրանք ամբողջ աշխարհում են օգտագործում, գրեթե բոլոր երկրների բանակներում նույն վաֆլե սրբիչներն են:

Ինչ վերաբերում է ներքնազգեստին, ապա դրանք մեկանգամյա օգտագործման են, շաբաթը մեկ նորն են ստանում, իսկ հինը՝ դեն նետում: Ասել, որ դրանք այնքան լավն են, որ ոչ ոք չի դժգոհի, չենք կարող, բայց կրկնում եմ՝ դա անհատական խնդիր է: Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ զինվորների 50-60%-ը չի նվնվում այդ ամենից, ծնողին նեղություն չի տալիս եւ ոչինչ չի ուզում»:

Թե զինվորների հանդերձանքի, հիգիենիկ պարագաների համար նախարարությունը որքան գումար է ծախսում՝ ՊՆ-ից խոստացան պարզաբանել առաջիկայում:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031