«Տարեկան եկամուտներս 15 մլն դրամ են: Ամսական եկամուտս՝ 1.2 մլն դրամ: Տարեկան 8,5 մլն-ը աշխատավարձն է, մնացածը՝ բանկային տոկոսներ: Ես իրականում իմ վարձատրությունից գոհ եմ: Մեր ընտանիքում մենակ ես չեմ, 4 հոգի էլ աշխատում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Լրագրողներն ասացին, որ շատերը կոռուպցիոն ճանապարհով են փորձում մուտք գործել ՊԵԿ, որ կոռուպցիոն ճանապարհով փող աշխատեն՝ նա պատասխանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր համակարգ ընդունվելու համար փող չեն տալիս»:
Դիտարկմանը, որ ծանոթ են մեջ գցում, պատահական մարդիկ չկան ՊԵԿ-ում՝ նա պատասխանեց. «Ես հայտարարում եմ՝ ցանկացածը կարող է դիմել, էդ մրցույթին մասնակցել: Հիմա էդ ժամանակներն անցե՜լ են: Եթե ուզում ենք առողջ, լավ բան ասել, չասենք՝ փողով մտան աշխատանքի, էդ դարն անցել է: Մարդը դառնում է լրագրող, դառնում է հարկային աշխատող, ուսուցիչ: Աշխատատեղ է: Մարդկանց մի կատեգորիա կա, որ սիրում է տեսուչ, ստուգող աշխատել»:
Հարցին՝ Գագիկ Խաչատրյանը մինչեւ վերջերս ձեր ղեկավարն է եղել, նա հսկայական կարողություն ունի եւ կոռուպցիայի դեմ պայքարող առաջամարտիկներից է, Ձեզ հայտնի՞ է որտեղի՞ց Գագիկ Խաչատրյանին այդ միլիոնները, երբ պետական պաշտոններ է զբաղեցրել՝ նա պատասխանեց. «Ես իր տեղակալն եմ, կարող եմ ասել, որ նա իր հայտարարագրում արտացոլել է եկամուտներ: Եթե չարտացոլեր, որեւիցե բան չասեր, դուք էլ էդ հարցերը չէիք տա: Իր հայտարարագրին ես ծանոթ եմ, նրա եկամուտները պետական պաշտոնյաների եկամուտներից անհամեմատ ավելի բարձր են: Բայց նա էլ պատասխան է տվել, թե այդ եկամուտները որտեղից»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Դուք կասկածներ չունե՞ք այդ միլիոնների վերաբերյալ՝ Արմեն Ալավերդյանը կատակեց. «Շատ կզարմանայի, եթե ասեի՝ այո: Իհարկե՝ ոչ: Պետական պաշտոնյան, որը եկամուտ է հայտարարագրում, ինքը գիտի ինչ է հայտարարագրում: Մի պատկերացրեք, որ 100 մլն եկամուտ ստանա ու չգիտի որտեղից դա»:
Դուք հավատո՞ւմ եք, որ մի քանի միլիոն դոլար հայտարարագրած պաշտոնյաները կարող են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Եթե եկամուտները օրինական ճանապարհով են ստացել՝ ժառանգել են, ստեղծել են, ունեցել են՝ հավատում եմ: Չեմ ընդունում այն հանգամանքը, երբ պետական չինովնիկը, չունենալով եկամտի որեւէ աղբյուր, կարող է վարել ամենաթանկ ավտոմեքենաներից: Հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ մեքենան: Դրա համար պետք է իմանանք կոնկրետ պաշտոնյաների հարստության չափը, իմանանք, թե որտեղից է դա եկել, ֆիքսենք ու տեսնենք՝ հետագա պաշտոնավարման ընթացքում ունեցվածքն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ