Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե գետակ»-ը 500 հազար դրամով տարածքը վարձակալել է, տաքսիստներին էլ տարածքից հանում է

Մայիս 23,2016 15:30

«20 տարի ա՝ հացի փող ենք աշխատում տանում տուն, բայց բերել են տրաֆարետ են դրել, էս երկու օր ա՝ գալիս են մեր հետ բարձր գոռալով են խոսում, մենք էլ նենց չի, որ չենք կարող իրենց հետ էդպես խոսենք, բայց չենք ուզում նման ձեւով: Հիմա մենք պահանջում ենք էս տրաֆարետը հանեն, թողնեն՝ մենք էլի մեր հացի փողն աշխատենք: Լիցենզիան մուծում ենք, կարմիր գծերը քաշեցին՝ մուծում ենք, չեմ իմանում՝ ի՞նչ են ուզում: Իր ա տղեն դատավոր ա, գալիս ա սիգնալ ա տալիս, գոռում ա՝ հետ կանգնեք, առաջ կանգնեք, մենք էլ չենք իմանում՝ ինչ պիտի արվի»,- այսօր այսպիսի դժգոհություն ներկայացրին մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տարիներ ի վեր Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում՝ Մամիկոնյանց 2 շենքի առջեւ կանգնում եւ քաղաքացիներին այդ հատվածից սպասարկում են:

Այս վարորդներն իրենց օրվա հացի խնդիրն են լուծում, սակայն օրերս նշյալ շենքում գործող «Ոսկե գետակ» ՍՊԸ-ն մեկ տարով վարձակալել է այդ տարածքը՝ վարորդներին կանգնեցնելով փաստի առաջ:

Տաքսիստներն ասացին, որ իրենք ունեն տվյալ տարածքում կանգնելու լիցենզիա, վճարում են նաեւ կարմիր գծերի գումարը, սակայն «Ոսկե գետակ» ՍՊԸ-ն որոշել է իրենց այդ տարածքից հանել: Տեղեկացանք, որ «Ոսկե գետակ» ընկերությունը պատկանում է Գրիգոր Ամալյանին, որն ասաց, որ ինքը Մանկավարժական համալսարանի դասախոս է, դոկտոր-պրոֆեսոր՝ կենսաբանության բժշկության գծով, իսկ նրա որդին դատավոր է՝ Էդուարդ Ամալյանը:

Նշյալ տարածքում, որտեղ կանգնում են տաքսիները, «Ոսկե գետակ» ընկերությունը տեղադրել է մի ցուցանակ, որի վրա գրված է՝ «Ծառայողական անվճար կայանատեղի»: Մինչդեռ տաքսիստները պնդում են, որ իրենք տարիներ շարունակ խնդրել են, որպեսզի քաղաքապետարանը այդտեղ տաքսու նշան դնի, սակայն չեն դրել:
Ի դեպ, ցուցանակի վրա նաեւ նշված է, որ տվյալ շենքի բնակիչները կարող են իրենց մեքենաները այդտեղ կայանել, սակայն բնակիչներից Կարեն Հովակիմյանն ասաց, որ բնակիչներին նույնպես արգելում են այդտեղ ավտոմեքենաներ կայանել:
Տաքսու վարորդներից Աշոտ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք լիցենզավորված, հարկային դաշտ մտած աշխատում են:

taxi-2

«Սա մեր աշխատանքի վայրն ա, ո՞ւր գնանք մենք ստեղից: Մեր քաղաքն ա, մեր երկիրն ա, մեր հող ու ջուրն ա, ո՞ւր գնանք: Էստեղ էս իմ սարն ա, էս իմ ծառն ա վիճակն է ստեղծվել: Մեր պահանջն է, որ տաքսու նշան դնեն ու թողնեն նորմալ աշխատենք»,- ասաց նա:
«Ոսկե գետակ» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք թույլտվություն ունեն քաղաքապետարանից եւ այդ տարածքը մեկ տարով վարձակալել են, որի համար վճարել են 500.000 դրամ: Գրիգոր Ամալյանն էլ իր հերթին է տաքսիներից դժգոհում, որ խանութի մատակարարները եւ մարդիկ, որոնք գործնական հարցերով պետք է գան խանութ, չեն կարողանում կանգնել այդ տարածքում: Սակայն տաքսիստները վստահեցնում են, որ երբ իրենք տեսնում են, որ առաքիչներն ապրանք են բերում խանութ, իրենք իրենց տեղը զիջում են այդ մեքենաներին:

Դիտարկմանը՝ տաքսիստները պնդում են, որ իր դատավոր որդին օգտագործում է իր լծակները՝ իրենց այդտեղից հանելու համար, Գրիգոր Ամալյանն ասաց. «Բացարձակ այդպիսի բան գոյություն չունի, իմ որդին չի խառնվում այդ գործերին, նա ունի բարի համբավ դատարանում, ինչպես ես՝ Մանկավարժական համալսարանում»:
Նշենք, որ տաքսիստներն ասում են, որ իրենք այդ տարածքից չեն հեռանալու եւ իրենց իրավունքների համար մինչեւ վերջ պայքարելու են:

Տաքսու վարորդները նաեւ ասացին, որ եթե իրենք գնան՝ այլ տեղ կանգնեն, ապա կկորցնեն իրենց մշտական հաճախորդներին, բացի այդ, իրենցից վերեւ այլ տաքսիներ են կանգնած, եւ իրենք չեն կարող գնալ եւ ուրիշների տեղում կանգնել: Վարորդների խոսքերով՝ խնդրի վերաբերյալ քաղաքապետարան նամակ են ուղարկել, սպասում են պատասխանին:
Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031