Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտական դպրոցները պե՛տք է հանրակրթականի հետ նույն սանդղակի վրա գտնվեն»

Մայիս 23,2016 15:00

Վստահ է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր,
պրոֆեսոր Շահեն Շահինյանը

Օրերս «Առավոտի» հետ զրույցում մեր անվանի ու սիրված կոմպոզիտորներից մեկը հորդորեց բարձրաձայնել, թե ինչու անդրադարձ չի կատարվում երաժշտական դպրոցներին, կոնկրետ՝ դասավանդող դասատուներին, որոնք, մեր զրուցակցի խոսքերով՝ նվաստացած վիճակում են ոչ միայն յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես աշխատելու արդյունքում ստացած գրոշների, այլեւ իրենց աշխատանքային տարիները մանկավարժական ստաժ չհաշվելու պատճառով: Կոմպոզիտորը հիշեցրեց, որ հայ իրականության բազմահազարամյա պատմության մեծագույն նվաճումներից մեկը երաժշտական դպրոցներն էին եւ ազգային պարծանք հանդիսացող Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Քանիցս շեշտեց, թե տարիներ առաջ տեսնես այդ ո՞ր չինովնիկի մտահղացումն էր կամ առաջարկը՝ վերանայել հանրակրթական ու երաժշտական դպրոցների կարգավիճակը, ինչի արդյունքում էլ վերջիններս հայտնվեցին ոչ շահեկան վիճակում: Մեր զրուցակիցը խնդրեց չհրապարակել իր անունը, նշելով, որ ավելի քան համոզված է, որ այս հարցը տարիներ շարունակ հուզում է ոչ միայն իրեն, այլեւ երաժշտարվեստը ներկայացնող ցանկացած մասնագետի:

«Առավոտը» նախկինում 1-2 անգամ անդրադարձել է այս խնդրին, այսօր էլ մեզ զրուցակից ընտրեցինք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանին, պարզ պատճառով, այն է՝ ի վերջո կոնսերվատորիան «սնվում» է երաժշտական դպրոցներից:

Ռեկտորը նշեց, որ այդ փաստը իսկապես անհանգստացնող է. «Վաղուց երաժշտական դպրոցները՝ հանրակրթականների համեմատ, չգիտես ինչու, հայտնվել են նման կարգավիճակում: Մինչդեռ երաժշտական դպրոցներում յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատական պարապմունք, իսկ դասատուների աշխատավարձը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ցածր է հանրակրթական դպրոցում դասավանդող իրենց կոլեգաներից: Այս հարցում կոնսերվատորիան, բնականաբար, չի կարող հանդես գալ որպես զուտ դիտորդ, ավելին, մենք շահագրգիռ կողմ ենք, եւ որպեսզի հետագա անցանկալի իրավիճակներից ու բարդություններից խուսափենք, շտապ պետք է դիմել պատկան մարմիններին, ինչն, ի դեպ, որոշել է կոնսերվատորիայի գիտխորհուրդը: Ի վերջո, խնդիրը մեկն է՝ երաժշտական դպրոցները պե՛տք է հանրակրթականի հետ նույն սանդղակի վրա գտնվեն»:

Շահեն Շահինյանը հայտնեց, որ օրերս Երեւանի քաղաքապետարանի կողմից անցկացված՝ երաժշտական դպրոցների սաների մրցույթում ինքը գլխավորել է լարային գործիքների անվանակարգի ժյուրիի աշխատանքները: «Լսեցինք շուրջ 50 երեխայի: Նրանցից մի քանիսն իրենց տարիքային խմբում համապատասխանում էին միջազգային կատարողական բարձր չափանիշներին: Կային այնպիսիները, որոնք իրենց պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ հույս էին ներշնչում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Հետո էլ մանրամասնեց, թե խորհրդային ժամանակներում Հայաստանում գործում էր շուրջ 300 երաժշտական դպրոց, գուցե հիմա այդ թվաքանակը մեր հանրապետությանն անհրաժեշտ չէ, բայց գոնե մոտ 100 դպրոց օդ ու ջրի նման պետք է: «Այնպես չէ, որ մեր կառավարությունը անտեսել է դասական արվեստը, ընդհակառակը՝ մենք այն փոքրաթիվ երկրներից ենք, որտեղ գործում են սիմֆոնիկ, կամերային նվագախմբեր… Բայց դա չի նշանակում, որ այսօր կադրեր ենք պատրաստում բացառապես մեր հանրապետության պետական երաժշտական կոլեկտիվների համար: Կոնսերվատորիան չի կարող աշխատել միայն տեղական շուկայի համար եւ մեր շրջանավարտներից շատերը ոչ թե արտասահմանում որոնում ու գտնում են, այլեւ հրավիրվում են աշխատելու երբեմն հայտնի նվագախմբերում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ եթե ճար լինի, մեր կոնսերվատորիայի շրջանավարտները կնախընտրեն աշխատել արտասահմանյան նվագախմբերում, որտեղ աշխատավարձերը բարձր են, պարոն Շահինյանը պատասխանեց. «Այս հարցում մեծ դեր ունեն մեր կատարողական արվեստը ներկայացնող կոլեկտիվների գործատուները, որոնք պետք է ջանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրենց, ասենք՝ նվագախմբերը, հասցնեն եվրոպականների մակարդակին: Հավատացնում եմ՝ ֆինանսի շատ կամ քիչ լինելը այն հիմնական պատճառը չէ, որ ձգում է մեր երիտասարդ երաժիշտներին: Մեր կառավարությունը հնարավորինս աջակցում է, օրինակ՝ օպերային թատրոնին, Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական եւ այլ կոլեկտիվներին: Եվ եթե գործատուն կարողանա ճիշտ ու գրագետ կազմակերպել ստեղծագործական աշխատանքը, կոնկրետ կոնսերվատորիայի շրջանավարտը կնախընտրի մնալ հայրենիքում եւ այստեղ կարիերա անել»: Ռեկտորը իր խոսքերը հաստատող հետեւյալ փաստը բերեց. «Մեր երկրի անկախության առաջին տարիներին, երբ Լորիս Ճգնավորյանը եկավ ու շուրջ 10 տարի գլխավորեց Ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ-շատ երաժիշտներ հենց այդ նվագախմբում աշխատելու համար մնացին Հայաստանում: Դարձյալ անդրադառնամ գործատուին. այդ տեղում պետք է լինեն բացառիկ օժտված մարդիկ: Աշխարհում էլ հեշտ չէ ղեկավարել մշակութային կառույցները»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ օրերս մեկնարկած ավարտական քննություններին: Հետաքրքրվեցինք մշակութային այս բուհն ավարտող ապագա մեր արտիստների այսօրվա մասնագիտական ցուցանիշներով: «Ունենք տարբեր հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկրի կոչմանն արժանացած ուսանողներ: Մայիսի 10-ից մեկնարկած ավարտական քննությունները դեռեւս շարունակվում են, սակայն դասական վոկալ, տարբեր լարային գործիքների մասնագիտություններով հիանալի երաժիշտներ են ավարտում, իսկական պրոֆեսիոնալներ»,- ասաց ռեկտորը:
Շահեն Շահինյանը նաեւ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է եւ հարց ուղղեցինք՝ ո՞ւմ է տեսնում այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: «Այդ պաշտոնը պետք է չլինի նշանակովի, այլ կոլեկտիվն ընտրի իրենից: Իսկ դա արդեն կնշանակի վստահություն, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա նորանշանակ գեղարվեստական ղեկավարին պրոֆեսիոնալ գործունեության դաշտ ապահովել եւ ավելի համարձակ քայլեր կատարել»,- ասաց Շահեն Շահինյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Երաժշտական դպրոցները մեկ առաքելություն ունեն` երաժշտական կադրեր պատրաստել հայրենական երաժշտական կոլեկտիվների համար ( պետք չէ հպարտանալ, որ մեր ազգային միջոցներով կադրեր են պատրաստվում, նաև, օտարազգի նվագախմբերի համար): Երաժշտական դպրոցները այլ առաքելություն չպետք է ունենան` գեղագիտական դաստեարակություն, ունկնդիր պատրաստելը հնացացած և ձախողված սովետական մեթոդ է և երաժշտական դպրոցների խնդիրը չէ: Իմ հաշվարկով, մեր երաժշտական կոլեկտիվների համար կադրեր պատրաստելու համար անհրաժեշտ է 3 երաժշտական դպրոց, ուր կարելի է կենտրոնացնել, իրոք, երաժշտական ապագա ունեցող երեխաներին և լավ ֆինանսավորվեն ( դա հեշտ գործ է): Մյուս դպրոցները կամ պետք է լուծարվեն` որպես ավելորդություններ, կամ համաձայն եմ, գտնվեն հանրակրթական դպրոցների հետ նույն սանդղակի վրա, կամ գործեն մրակութային շուկայի զարգացման սկզբունքով … Ինչ վերաբերվում օպերային. այսօր, որպես գեղարվեստական ղեկավար, մեր թատրոնին պետք է Գլյուկի նման օպերային ռեֆորմատոր, որը հիմք դնի նոր հայկական օպերային տեսակին, ինչպես Գլյուկ արեց գերմանական օպերային արվեստում … Հարգանքով` Աշոտ Բաբայան

  2. Anna says:

    Այո 3 դպրոցը բավարար է;բայց,եթե լուծարվենմյուսները ապա հանցագործությունը կշատանա։Կոնսերվատորիայում նույն ցածր աշխատավարձով են աշխատում,դրա պատճառով ուսանողներից գումար են շորթում որոշ դասախոսներ։Դա է պատճառը,որ շատերը չեն կարող դիմել սովորելու։Կորուպցիան պետք է վերացնել

  3. Անի Նավասարդյան says:

    Առաջարկում եմ ռեկտորին մյուս անգամ կոնսերվատորիայի աշխատավարձերից հարցեր տալ………..

  4. Եթե հնարավոր լինի հեռու պահել Աշոտ Բաբայանի նմաններին երեխաներից, դպրոցներից, կրթական համակարգից, մնացածը ժամանակի ընդացքում կշտկվի:
    Տորկվեմադայի ու Գեբելսի ռեանկառնացյա…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031