Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գիշերը, ժամը 1-ին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենան Գյումրու «Կարո մարքեթ» սուպերմարքեթի մոտ չհասած՝ բախվել էր էլեկտրասյանը, ուղեւորներից մեկը՝ 1968թ. ծնված Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել էր, մնացած 8-ին տեղափոխել էին «Գյումրի» բժշկական կենտրոն՝ տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ճշտեցինք, որ մեքենայի մեջ եղել են Գյումրու շուկայում առեւտուր անող տղամարդիկ, որոնք գնացել էին Նոր Հաճըն՝ իրենց կոլեգայի հորաքրոջ տղայի հուղարկավորությանը: Մահացածը Գյումրու բիրժայի աշխատակից էր:
Ինչպես պատմեցին հարազատները, նրանք Նոր Հաճընից Գյումրի են հասել ժամը 1-ին, դիմացից մի մեքենա լույսեր է գցել, վարորդը աջ է քաշել, ու մեքենան բախվել է էլեկտրասյանը: Հարազատների դժգոհելով՝ Գյումրիի այդ հատվածում գիշերային լուսավորություն չի եղել:
«Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերը ժամը 1-ին հիվանդանոց են տեղափոխվել 8 տուժածներ՝ տարբեր վնասվածքներով: Նրանցից ոմանք վնասվածքաբանական բաժանմունքում են:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այդ բաժանմունքը ողջ գիշեր աշխատել է, վերջին վիրահատությունը ավարտել են քիչ առաջ: Հիվանդներից 2-ի մոտ ազդրի հոդախախտ է եղել, որ վերականգնել են, մեկի մոտ՝ ոչ լրիվ ամպուտացիա է, կան վերին եւ ստորին վերջույթի վնասվածքներ ստացած հիվանդներ, ինչպես նաեւ կողերի ու թիակների վնասվածք ստացածներ:
Մի քանիսի վիճակը կայուն ծանր է, կան նաեւ միջին ծանրության տուժածներ: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նրանցից մի քանիսը դեռ երկար կբուժվեն, կենթարկվեն այլ վիրահատությունների եւս:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ